«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլևս չի ունենա այն ընտրազանգվածը, որն ունեցել է վերջին երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբˋ մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը' հավելելով, որ ԲՀԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններն սկսվել են դեռևս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից առաջ: «Այս գործընթացներն սկսվեցին այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն փորձում էր սեփական կշիռը քաղաքական դաշտում փոփոխության ենթարկել: Յուրաքանչյուր ուժ, որն ուզում է հանդես գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ, պետք է հիմնավորի իր ներկայությունը և այն անցկացնի «ժամանակի թելով», սակայն ԲՀԿ-ն սա չի արել»,- պարզաբանեց քաղաքագետը:

 

Լրագրողների այն հարցին, թե որն է լինելու Գագիկ Ծառուկյանի և կուսակցության հետագա դերակատարությունը քաղաքական դաշտումˋ Մարկարովն ասաց, որ նախ և առաջ պետք է հասկանալ, թե արդյոք կուսակցությունը շարունակելո՞ւ է ստանալ նույն ֆինանսական ռեսուրսները: «Կուսակցությունն առայժմ կշարունակի իր գործունեությունը, որովհետև բավականին հետաքրքիր դերակատարներ ունի դաշտում: Բայց հարց էˋ արդյոք նրանց հռետորությունը կբավարարի՞, որպեսզի կուսակցությունը հանդես գա որպես ժողովրդին համախմբող ուժ: Մյուս կողմիցˋ արդյոք ԲՀԿ-ն կշարունակի՞ ստանալ այն ֆինանսական միջոցները, որոնք Ծառուկյանի կողմից էին տրամադրվում: Եթե այս ֆինանսական միջոցներն այլևս չտրամադրվեն, ապա ԲՀԿ-ն կվերածվի այն բազմաթիվ կուսակցություններից մեկին, որոնք պարզապես գործում են դաշտում»,- ասաց նա: