Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին է, որ Եվրասիական տնտեսական միության երկրներին անհրաժեշտ է նախևառաջ ընդլայնել սեփական արտադրության ապրանքների առևտուրը:

 

«Կա պարզ բանաձև այն բանի համար, որ միավորման ներսում ապրանքաշրջանառությունն աճի. հարկավոր է առևտուր անել սեփական ապրանքներով: Մեր ներքին շուկան սեփական ապրանքներով համալրելը թիվ մեկ հարցն է»,- լրագրողներին հայտարարել է Լուկաշենկոն՝ ամփոփելով ՌԴ-ի և Ղազախստանի նախագահների հետ մարտի 20-ին Աստանայում կայացած հանդիպման արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Լուկաշենկոն նշել է, որ անցյալ տարի ԵԱՏՄ-ի երկրների միջև ապրանքաշրջանառությունը որոշ չափով նվազել է:

 

Նա հավելել է, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամագրվելու հետ կապված հարցերը: Երեք նախագահները հավաստել են այն մոտեցումը, ըստ որի՝ ԵԱՏՄ-ի նոր անդամները պետք է ընդունեն այն սկզբունքները, որոնք մշակվել են նախքան նրանց անդամակցությունը: