Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին: Իր ելույթում Զուրաբյանը պնդում էր, որ նման հայտարարություն ընդունելու անհրաժեշտություն բացարձակ չկա: Նա նշեց, որ իրենք չեն մասնակցելու հայտարարության նախագծի քվեարկությանը, քանի որ դրանում հղnւմ է կատարվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին, որը ՀԱԿ-ի համար անընդունելի է:

 

 

Արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավարի ելույթին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ, միգուցե, ելույթ չունենար, եթե խորհրդարանում չլինեին մարդիկ, ովքեր անում են հայտարարություններ, որոնք, մեծ ցանկության դեպքում, չի կարելի անվանել ազգային շահերը սպասարկող: «Այդ հայտարարությունները, միգուցե, կարող են սպասարկել այլ կառույցների շահերը, սակայն ոչ երբեք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

 

 

Նրա գնահատմամբ՝ Տեր-Պետրոսյանն՝ իր քաղաքական թիմով հանդերձ, ինչպես բուրբոնների մասին էին ասում, ոչինչ չի մոռացել և ոչնիչ էլ չի սովորել: «Հայոց պետականության այս ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, իսկ ըստ իս՝ պարտվողական քաղաքականությունն ընդունելի չէ ոչ միայն իշխող քաղաքականության մեծամասնության համար, այլ նաև հայ հասարակության և հայկական սփյուռքի համար:

 

 

Եվ, միգուցե, դա է ջղաձգումների մեջ գցել հարգարժան պարոնին: Մարդիկ, որոնք իրենց գաղափարախոսության հիմքում դրել են «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» թեզը, մարդիկ, ովքեր որ Ցեղասպանության միջազգային դատապարտումն ու պահանջատիրությունը հանել են և նույնիսկ չեն էլ մտցրել իրենց քաղաքական օրակարգ, այսօր խոսում են ուրացումից: Բարեկամներ, գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին:

 

 

Մարդը, ով այս ամբիոնից ասում է՝ պահանջատիրությունը սխալ է, այն քաղաքական ուժին, ում օրոք ՄԱԿ-ի ամբիոնից մինչև Եվրոպական խորհրդարանի ամբիոն մեր պատգամավորներն ու մեր երկրի ղեկավարը խոսում են Ցեղասպանության միջազգային դատապարտման և ժխտողականության քրեականացման մասին, անվանում է ուրացող: Հիմա ո՞վ է ուրացողը»,- հարցրեց Շարմազանովը:

 

 

Շարմազանովն անդրադարձավ նաև Զուրաբյանի դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները վտանգի տակ են դնում Հայաստանի շահը: «Դուք խոսում եք այն մասին, որ մենք վտանգում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահը և մեջ եք բերում Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածները: Մենք շատ լավ ծանոթ ենք այդ հոդվածներին:

 

 

13-րդ կետում հստակ գրված է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կապ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Մենք 5 տարի է՝ ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող կապ ունենալ հայ-թուրքական հարաբերությունների հետ, մարդիկ գալիս են, այս ամբիոնից ասում են՝ կապ ունի: Իսկ ո՞վ է նաև ասում նման բան՝ երկու պետություն՝ Ադրբեջանն եւ Թուրքիան: Հիմա մեզանից ո՞վ է ուրացողը: Ո՞վ է մտածում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության և շահերի մասին: Իրե՞նք»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

 

 

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավարի դիտարկմանը, թե հայ ժողովրդի պահանջատիրությունը վտանգված է՝ Շարմազանովն ընդգծեց, որ ավելի մեծ վտանգ, քան այն, որ գրել է Տեր-Պետրոսյանը, թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով պետք է զբաղվի միայն հայկական սփյուռքը, չկա և չի լինի: «Այսինքն, անտեր ենք թողնում, հա՞, Սփյուռքին: Բա ժողովրդավարությունից եք խոսում, ազգային արժեքներից եք խոսում, հայրենասիրությունից եք խոսում: Կանգնում ասում եք՝ կեղծ ազգայանականներ: Հիմա ո՞վ է կեղծ ազգայնականը և կեղծ պոպուլիստը: Կողմնորոշվի՝ եթե դեմ ես Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տղամարդավարի կանգնի ասա՝ դեմ եմ, ու էլ մի ասա, թե հաշտեցման գործընթացում եղավ ուրացում:

 

 

Եթե կողմ ես Ղարաբաղը հանձնելուն, կանգնի ասա՝ կողմ եմ, ու դա անում եմ նրա համար, որ Թուրքիային էլ մտցնեմ այդ խաղի մեջ: Ես կարծում եմ, որ նման կերպ մտածելը նույնիսկ վտանգավոր է: Եվ գալ այս ամբիոնից հայտարարել, որ նման հայտարարության անհրաժեշտություն չկա, թե սա վտանգում է Լեռնային Ղարաբաղի շահերը, թե Համահայկական հռչակագիրը Սերժ Սարգսյանի հռչակագիրն է, անընդունելի է: Տո խելո՛ք, Համահայկական հռչակագիրը ողջ հայ ժողովրդի շահ երը սպասարկող հռչակագիր է: Վերջին 500 տարում առաջին անգամ մուրճով նույն մեխին է խփել, էլի պետք է մի բան գտնեինք, ասեինք՝ սա լավ չէ: Դա նրանից է, որ իրենք չեն սա արել»,- ասաց Շարմազանովը:

 

 

Եզրափակելով ելույթը՝ Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը կործանվեց կեղծ ազգայնականների ի հայտ գալու արդյունքում: «Առաջին Հանրապետությունը կործանվեց թուրք-բոլշևիկյան համագործակցության արդյունքում: Կործանվեց նրա համար, որ հայ բոլշևիկները քարոզում էին, որ դաշնակացականների համար մի պայքարեք, քանի որ հիմա «կարմիր թուրքը» գալիս է: Այդպես մտածողները գնացին հանձնեցին Կարսը: Այս իմաստով, շատ լավ է, որ դուք չեք հիմա իշխանության ու առաջիկա 100 տարում չեք էլ լինելու»,- եզրափակեց Շարմազանովը:

 

 

Շարմազանովը նաև հայտնեց, որ ՀՀԿ-ն միաձայն կողմ է քվեարկելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծին: