Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը ներկա էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպատարանի աշխատակազմի կրթության վարչության աշխատակիցներ, համայնքապետ Էդվարդ Հակոբյանը, ուուցչական կոլեկտիվը, ծնողներ:

 

Դահլիճը համահունչ էր օրվա խորհրդին՝ խորհրդանշական անմոռուկներով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մանրակերտով, Ցեղասպանությանը զոհ դարձած հայ մտավորականների նկարներով, Արեւմտյան Հայաստանի քաղաքների' Անիի, Վանի, Մուշի, Կարսի վերարտադրված պատկերներով: Միջոցառման սկզբում Մարմարաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը կատարեց Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի կարգ, որից հետո միջոցառումը սկսեց դպրոցի տնօրեն Աննա Համբարձումյանը, ով պատմական անդրադարձ կատարեց հայերի կրած զրկանքներին ու որուտներին: «Հայոց ցեղասպանության հետեւանքը դարձավ հայ ժողովրդի հայրենազրկումն իր բնօրրան Արեւմտյան Հայաստանից: Բազմաթիվ ընտանիքներ կորցրեցին իրենց հարազատներին, բարեկամներին եւ բռնեցին հարկադրված գաղթի ճամփան: Շատերն էլ միմյանց կորցրեցին հենց գաղթի ճանապարհին: Նույն ընտանիքի զավակները հայտնվեցին աշխարհի տարբեր երկրամասերում, մեծացան որպես այդ երկրի քաղաքացիներ ու զավակներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Հնչեցին «Դլե յամանը», «Անտունին», «Կռունկը», ֆիդայական երգեր: Դպրոցի «Երկիր Նաիրի» պարի համույթը հանդես եկավ «Քոչարի»-ով, Սասունի այլ պարերով:

 

Միջոցառման ավարտին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը գովեստի խոսքեր հնչեցրեց աշակերտների եւ ուսուցչական անձնակազմի հասցեին՝ ընդգծելով, որ հաճելի է այն հանգամանքը, որ միջացառման մեջ բացակայում է ողբն ու լացը, փոխարենը' աշակերտները դաստիարակվում են որպես պահանջատերեր: Նա ավելացրեց, որ ամեն հայ իր ժառանգին պետք է դաստիարակի հայրենասեր, եւ նոր սերունդը պետք է հարազատ մնա իր արմատներին' ետ չմնալով համաշխարհային քաղաքակրթությունից: Միջոցառման ավարտին հյուրերն այցելեցին դպրոցի թանգարան, որտեղ ցուցադրված են մարմարաշենցի ազատամարտիկ Անդրանի կ Բարությանի անձնական իրերը' նամակները, գրառումները, գրիչը, տափաշիշը, դաշույնը:

 

Հանրապետության դպրոցներում շարունակվում են Ցեղասպանության 100-ամյա տերալիցին նվիրված միջոցառումները: ՀՀ ԿԳ նախարարության հանձնարարականով' մարտի 24-ին հանրապետության բոլոր դպրոցների 5-12-րդ դասարացիները պատրաստեցին անմոռուկներ, ապրիլի 17-ին կրկին 5-12-րդ բոլոր դասարաններում ընթերցվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը' դասղեկների կողմից: «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով բաց դասեր են անցկացվել ողջ ուսումնական տարվա ընթացքում, ինչպես նաեւ բաց դասեր' ազգերի ցեղասպանությունների մասին

 

Լիլիթ Մաճկալյան