ՀՊՏՀ Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանի կարծիքով՝ մեր երկրի ֆինանսական շուկայում տեղի ունեցող տատանումները համաշխարհային տնտեսության արժութային ցնցումների արդյունքն են:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ տնտեսագետը կարծում է, որ կարևոր հանգամանք է Չինաստանի վարած քաղաքականությունը, քանի որ Չինաստանի վերջին էքսպանսիաները բերեցին նրան, որ անմիջականորեն էներգակիրների գների վրա անդրադարձան, դա էլ իր ազդեցությունն ունեցավ ՌԴ ռուբլու վրա: 

 

 

«Կենտրոնական բանկը հավասարակշիռ քաղաքականություն է վարում' գների կայունության, ֆինանսական կայունության և տնտեսությանը չվնասելու առումով: Այս հավասարակշռված վիճակի պայմաններում մենք պետք է կարողանանք տնտեսական ակտիվացման միջոցով փոխարժեքի հետագա արժեզրկումը պահենք վերահսկելիության սահմաններում: Շատ կարևոր է, որ մենք տնտեսությունը աստիճանաբար աշխուժացնենք: Մեր կառավարության հետագա գործողությունները պետք է հանգեն նրան, որ մենք կարողանանք մեր տնտեսության ակտիվության հարցը լուծել»,- նկատում է տնտեսագիտության պրոֆեսորը:

 

 

Ըստ պարոն Մաթևոսյանի՝ այս հարցում տարբերություն չկա մենք ԵՏՄ անդամ կլինեինք, թե՝ ոչ, քանի որ արժութային ցնցումները հիմնականում կապված են համաշխարհային տնտեսության հետ և այդ ցնցումները անխուսափելի են. «Լինեինք ԵՏՄ անդամ, թե ոչ, արժույթի համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներն ազդելու էին մեզ վրա. դրամն արժեզրկվելու էր»։

 

 

Տնտեսագետի խոսքով' ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում հայրենական արտադրողների համար լուրջ խոչընդոտ է առաջացնում, քանի որ ռուսական ապրանքները դառնում են ավելի գրավիչ: