Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առավոտյան 08:00-ին բացվել են 1989 ընտրական տեղամասեր, քվեարկությունն ընթանում է բնականոն ձևով: Այս մասին 09:00-ին կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով' հանրաքվեի անցկացման համար ձևավորվել է 1997 ընտրական տեղամաս և նույնքան տեղամասային հանձնաժողով: «Ընտրատեղամասերից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում, որոնցից մեկը կբացվի 11:00-ին, մյուսները' 17:00-ին»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

 

 

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ' ընտրական հանձնաժողովներում նշանակված է եղել 15 հազար 976 հանձնաժողովի անդամ, որոնցից 141-ը չի ներկայացել աշխատանքներին: Նրանց փոխարեն սահմանված կարգով համապատասխան ընտրատարածքների հանձնաժողովների նախագահների կողմից կատարվել են նշանակումներ: «Առավոտյան տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերը գումարելիս և տեղամասերի բացման պահին տեղամասերի 85-90 տոկոսում ներկա են գտնվել դիտորդներ, վստահված անձինք ու զանգվածային լրատվության միջոցներ: Այսինքն' լիարժեք քանակով ապահովված է տվյալ գործընթացի հրապարակայնությունը»,- ավելացրեց Մուկուչյանը: