Oրերս Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 55 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկի տրամադրումը Հայաստանին, ինչը պայմանավորված է այս կառույցի ցանկությամբˋ օգնելու մեր երկրինˋ արմատապես բարեփոխելու զբոսաշրջության ոլորտը՝ ապահովելով դրա ներուժի լիակատար օգտագործումը:

 

Գաղտնիք չէ, որ աշխարհում տուրիզմն այն եկամտաբեր ոլորտներից է, որի շնորհիվ շատ ու շատ երկրներ ձևավորում են իրենց բյուջեի ահռելի բաժինըˋ միլիարդավոր դոլարների մուտք ապահովելով իրենց տնտեսություններ: Բայց այդ ամենը հենց այնպես չի տրվել այս երկրներին, այլ հանդիսանում է կառավարությունների կողմից վարվող ճիշտ քաղաքականության արդյունք:

 

Իսկ ինչպիսի՞ պատկեր է տիրում մեզ մոտ՝ Հայաստանում, ու կոնկրետ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ: Պարզվում էˋ այստեղ ևս նրանք նորարարական գաղափարներով չեն փայլում, ու շատ բաներ մատնված են ինքնահոսի: Ոլորտի խնդիրները հանրահայտ են արդեն վաղուցˋ հասարակական զուգարանների բացակայությունից մինչև անմատչելի հյուրանոցներ ու հյուրատներ: Եվ ահա Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին իր սեփական մոդելն է առաջարկում մերոնցˋ բարելավելու տուրիզմը Հայաստանում:

 

Ըստ նրաˋ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի թաքնված ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է փոխել դրա մոդելը. այժմ արտերկրից Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիմնականում ժամանում են Երևան և ամբողջ ընթացքում մնում Երևանում՝ մի քանի ժամով այցելելով մայրաքաղաքից դուրս գտնվող տեսարժան վայրեր:


Այսպիսովˋ գյուղական համայնքները, մարզային կենտրոններն ու փոքր քաղաքները լիարժեք օգուտ չեն ստանում զբոսաշրջիկների այցելություններից: Համաշխարհային բանկի մասնագետներն առաջարկում են զբոսաշրջության զարգացման այլ մոդել, որը կարող է նպաստել ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզային շրջանների զարգացմանը:

 

Երևանում տեղավորվելու և մայրաքաղաքից կարճ այցելություններ կատարելու փոխարենˋ զբոսաշրջիկները Երևան ժամանելուց հետո կտեղավորվեն Խորվիրապում, այնուհետև՝ Արենիում, Գորիսում, նույնիսկ՝ Մեղրիում, այնուհետև կվերադառնան Երևան, այսպիսովˋ Երևանից դուրս բնակվող Հայաստանի բնակչությունը կարող է իրական օգուտ ստանալ զբոսաշրջիկների աճից, քանի որ զբոսաշրջիկները բնակվելու և սնվելու են հիմնականում ոչ թե մայրաքաղաքում, այլˋ հենց մարզերում: Զբոսաշրջիկներն, իրենց հերթին, հնարավորություն կստանան լիարժեքորեն վայելել Հայաստանի բնությունն ու գեղատեսիլ վայրերըˋ ավելի քիչ ժամանակ անցկացնելով ճանապարհներին և ստանալով ավելի մատչելի ծառայություններ: Հենց սա է այն գաղափարը, որը ստիպել է համաշխարհային բանկին միջոցներ հատկացնել Կառավարությանըˋ կյանքի կոչելու այս հեռանկարային ծրագիրը:

 

Ծրագրի նպատակն է երկրի հինգ ընտրված մարզերում մեծացնել զբոսաշրջության մասնաբաժինը տեղական տնտեսության մեջ: Նախատեսվում է, որ հինգ տարի անց Համաշխարհային բանկի օգնությամբ միայն Հայաստանի տուրիզմի ոլորտը կզարգանա 15 տոկոսով: Սա կարևոր ցուցանիշ է, քանի որ 2014-ին տուրիզմը Հայաստանի արտահանման երկրորդ խոշորագույն հատվածն էր' 923 միլիոն դոլար ընդհանուր ծավալով:

 

Մի րոպե, մի՛ շտապեք ուրախանալ, մի՛ շտապեք ժամանակից շուտ հաշվել հավանական եկամուտները, չեք մոռացել չէ՞,թե մենք որտեղ ենք բնակվում: Մի՞թե մենք Սինգապուրում ենք կամ որևէ արևմտաեվրոպական երկրում,ուր ամեն մի լուման ծախսում են ըստ նշանակության ու առավելագույն արդյունավետությամբ:


Վստահ ենքˋ այն միջոցները, որ հատկացրել է Համաշխարհային բանկը, փոշիանալու են, և մենք 5 տարի հետո էլի ունենալու ենք նույն խնդիրները, ինչ ունենք այսօր: Քանի՞ նմանատիպ դրամաշնորհներ,վարկեր են մտել Հայաստան, գոնե որևէ մեկդ հիշո՞ւմ եք: Իսկ ո՞ւր են դրանց արդյունքները,ո՞ւր են, ցո՛ւյց տվեք,մենք էլ բերաններս փակենք:


Չենք բացառում, որ ձևի համար, միգուցե, մի քանի կոպեկ այս փողից հատկացնեն ու ցուցադրաբար բիոզուգարաններ կառուցեն, ասենք, Ազատության հրապարակի ճիշտ կենտրոնում, որ բոլորը տեսնեն, թե ինչքան ազնիվ են իերնք աշխատում, իսկ թե իրականում ում գրպանն են գնալու այդ միլիոնները,այդպես էլ կմնա անհայտ:


Միգուցե նման ենթադրություններ անելը դեռևս վաղաժամ է, բայց հաշվի առնելով անցյալի մեր բացասական փորձըˋ կարելի է ասելˋ սա այն ամենահավանական սցենարն է, որով շարժվելու են մերոնք: Իրենց ինչի՛ն է պետք Հայաստանում տուրիզմ զարգացնելը, չէ՞ որ իրենք Բալիների ու Մոնակոների սիրահար են:


Դավիթ Բաբանով