Ո՞րն է հասարակության մեջ խուճապ տարածելու նպատակը, երբ մի կողմից ՀՀ առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորում է այս օրերին չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ հնարավոր է H1N1 «խոզի գրիպ» կոչվող վիրուսի առկայությունը,մյուս կողմից էլ ՀՀ գլխավոր վարակաբանն իր ասուլիսի ժամանակ ասում է, թե Հայաստանում գրիպով հիվանդների 80 տոկոսը խոզի գրիպով են վարակված:


Ինչո՞ւ հենց 80, որտեղի՞ց գիտի, բոլորին հետազոտե՞լ է: Իհարկե, ոչ, վարակաբանը գտնում է, որ նույնիսկ հետազոտություն անելու իմաստ չկա, առանց հետազոտության էլ ինքը համոզված է:

 

Այսինքն՝ նույնիսկ չի էլ ենթադրում, այլ գիտի: Հասկանում եք, չէ՞՝ ինչ է կատարվում. փաստորեն, մարդկանց ուզում են ասել՝ եթե դուք հիվանդ եք, ուրեմն դուք խոզի գրիպ եք, էլ իզուր մի ստուգվեք և ինքնաբուժությամբ մի զբաղվեք, այլ ընդունեք խոզի գրիպի դեմ անհրաժեշտ դեղամիջոցը միայն: Իսկ այդ դեղամիջոցը «Տամիֆլյու» կոչվող դեղն է, որը վաճառվում է դեղատներում և արժե մոտ 20 հազար դրամ:


Նախ, եթե իսկապես գրիպով հիվանդների 80 տոկոսի մոտ խոզի գրիպ է, ուրեմն վարակը հանրապետությունում համատարած բնույթ է կրում, հետևաբար առողջապահության նախարարությունն առնվազն պետք է ապահովի «Տամիֆլյու» դեղամիջոցի անվճար տրամադրումը քաղաքացիներին, այլ ոչ թե միայն որոշակի սոցիալական խմբերի համար նման բան նախատեսի, քանի որ ընդունված է, որ նման դեպքերում նման սոցիալական խմբերի կազմում շատ քիչ մարդիկ են ընդգրկվում, հետևաբար գրիպով հիվանդ քաղաքացիների զգալի մասը ստիպված կլինեն դեղամիջոցը ձեռք բերել 20 հազար դրամով: Բացի այդ, արդյո՞ք դա լուրջ մոտեցում է, երբ երկրի գլխավոր վարակաբանի միջոցով հայտարարություն են տարածում, թե 80 տոկոսի մոտ խոզի գրիպ է, և դա՝ առանց մարդկանց ստուգելու, առանց որևէ հետազոտության: Իսկ եթե ոչ թե 80, այլ նույնիսկ 8 տոկոսի մոտ էլ խոզի գրիպ չէ՞: Ուրեմն ինչի՞ համար է այս նպատակաուղղված խուճապի տարածումը. որպեսզի դեղը վաճառվի՞...

Տեսնես միայն ինձ մո՞տ է տպավորություն, որ պետական առողջապահական մարմինների ներկայացուցիչները կարծես թե դեղի գովազդ են անում, կարծես թե ինչ-որ շահ ունեն դեղի վաճառքի մեջ...


Կարեն Վարդանյան