Ամեն անգամ, երբ այս կամ այն պաշտոնյայի շուրթերից հնչում են մեր երիտասարդ սերնդին ուղղված գովեստի խոսքեր, երբ նրանցից ոմանք սկսում են գովաբանել մեր ջահելներին՝ գոնե առերևույթ կերպով բարձր գնահատելով նրանց առաջադիմությունը՝ մանավանդ գիտության ասպարեզում, ցանկություն է առաջանում հարց ուղղել նմաններին. դուք, բացի դատարկ խոսքեր շռայլելուց, գործնականում ի՞նչ եք անում, որ մեր երիտասարդ սերունդը կարողանա լիարժեքորեն ինքնադրսևորվել սեփական հայրենիքում ու ինքն իրեն պիտանի ու գնահատված զգա այստեղ: Իհարկե «երիտասարդ սերունդ» ասվածը չափազանց լայն հասկացություն է, և համարել մեր բոլոր երիտասարդներին իսկական լուսավորյալներ, ինչպես հասկանում եք, մենք չենք պատրաստվում. ինչ-ինչ, բայց մեզ ավելորդ երազկոտության մեջ հաստատ չեք կարող մեղադրել: Բայց ինչպես, հավանաբար, ամենուրեք, մեզ մոտ էլ երիտասարդների շրջանում կա մի շերտ, որը, իրոք, հիացմունք է պատճառում բոլորիս. նրանք չեն դադարում իրենց մտքի թռիչքով ու նորն արարելու անհագուրդ ձգտմամբ զարմացնել մեզ ու հույս ներշնչել, որ եթե ոչ մեր ժամանակներում, ապա գոնե ապագայում մեր երկիրը կարող է քայլել ժամանակակից աշխարհին համաքայլ ու նույնիսկ օտարներին զարմացնել՝ ունեցած նորարարական գաղափարներով:

 

Օրերս Հայաստանի լրատվական կենտրոններից մեկն իր մամուլի սրանում հյուրընկալել էր մերերիտասարդ գյուտարարներից մի քանիսին, ովքեր եկել էին այստեղ՝ սեփական խոհերով կիսվելու լրագրողների հետ՝ հույսով, որ գոնե նման կերպ կարող են ոմանց ուշադրությունը գրավել իրենց կողմը: Նրանք չափազանց հեռանկարային երիտասարդներ էին ու բազմիցս մասնակցել են հեղինակավոր ցուցահանդեսների ու մրցույթների՝ արժանանալով շատերի հիացմունքին ու բարձր գնահատականին: Բայց արի ու տես, որ նույնիսկ նման պոտենցիալ ունեցող երիտասարդները մեր երկրում, իրենց իսկ պնդմամբ, հանդիպում են այնպիսի խոչընդոտների, որոնք կասեցնում են նրանց առաջընթացն ու, ինչն ամենացավալին է, կոտրում են նրանց մեջ այն էնտուզիազմը, որը, համաձայնե՛ք, պարտադիր պայման է՝ կյանքում առաջ գնալու, արժեք ստեղծելու համար:

 

Ի տարբերություն նույն զարգացած երկրների, ուր գիտական պրպտուն միտքը շատ ավելին արժե, քան, ինչպես ասում են, կիլոյով ոսկին, Հայաստանում, խոշոր հաշվով, շատերը թքած ունեն, թե այս կամ այն երիտասարդն ինչ է իրենից ներկայացնում, ու հիմնականում կենտրոնացած են մարդկանց ձրի աշխատեցնելու վրա, տարված են կոպեկներով լծելու անհագուրդ ցանկությամբ, որը, համաձայնե՛ք, նախևառաջ վկայում է չկայացած պետության մասին. Հայաստանում շատ բաներ գտնվում են մի տեսակ «բրախած» վիճակում, և ով ինչպես կարողանում, գլուխը պահում է մեր այս քարքարոտ երկրում, ու չկա մեկը, որ այս ամենին վերջ տա, համակարգի, ուղղորդի ճիշտ ուղղությամբ…

 

Չնայած հատկապես վերջին տարիներին երիտասարդ գիտնականներին խրախուսելու ուղղությամբ կարծես որոշակի տեղաշարժեր նկատվում են, ինչ-որ բաներ արվում են, բայց ակնհայտ է, որ դրանքբավարար չեն՝ շոշափելի արդյունքների հասնելու համար: Ոմանց կարծիքով՝ չնայած հայաստանցի շատ ուսանողներ (խոսքը, բնականաբար, այն ուսանողների մասին է, ովքեր եկել են բուհեր նախևառաջ սովորելու, այլ ոչ թե պարզապես բանակից տարկետվելու համար) ստեղծարարության ու ստեղծագործ մտքի մեծ ներուժ ունեն, սակայն միշտ չէ, որ կարողանում են աշխատանք գտնել այստեղ, իրենց հղացած գաղափարները կյանքի կոչել: Իսկ երբ ուսանողը չի կարողանում աշխատանք գտնել, փորձում է իր գործը ստեղծել, սակայն այստեղ էլ բախվում է բոլորիս ծանոթ խնդիրներին՝ ֆինանսական և փաստաթղթային, մինչդեռ գաղափարները խելացի են ու բավական խոստումնալից:

 

Իհարկե համարել, թե Հայաստանում աշխատանք գտնելու խնդիր ունեն միայն շնորհալիները, սխալ կլիներ. այստեղ նույնիսկ մի անտաշ բանվորի գործ էլ չես կարողանում գտնել, ուր մնաց՝ գիտնականի… Մի կարևոր հանգամանք ևս կցանկանայինք շեշտադրել. Հայաստանում գործնականում բացակայում է գիտություն-տնտեսություն կապը, որը հիմնահենքային նշանակություն ունի ոչ միայն երկրում գիտության ոլորտի զարգացման, այլև, առհասարակ, ողջ տնտեսության: Կատարված գյուտերը ոչ թե պետք է թողնել գրապահարաններում՝ փոշոտվելու կամ ցեցերին կերակուր դառնալու համար, այլ լրջագույն կերպով ուսումնասիրել դրանք, հասկանալ՝ ինչ գյուտեր կարելի է կյանքի կոչել, դրանցից որոնք կարող են օգնել մեզ՝ ունենալու նույնիսկ թռիչքաձև տնտեսական զարգացում: Միգուցե շատ վերամբարձ է հնչում, բայց դա իրոք այդպես է: Նայե՛ք Արևմուտքին, ի՞նչը նրան դարձրեց այդքան առաջադեմ ու անհաղթելի, եթե ոչ գիտությունը: Այնպես որ՝պետք չէ «մատների արանքով» նայել գիտությանն ու գիտնականին. վստահաբար կարող ենք ասել՝ գիտական միտքն այն բացառիկ ռեսուրսներից է, որ մեր երկիրն ունի այսօր: Խնամքով վերաբերվենք դրան ու «քամուն չտանք»…:

 

Դավիթ Բաբանով