Ես ցանկանում էի ապացուցել, որ արժանի եմ Դորտմունդում գտնվել: Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հավելելով, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո գերմանական ակումբում մնալու որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ զրույցից հետո:

«Առաջին անգամ նրա հետ հանդիպել եմ նախորդ տարվա մարտին, և նա համոզեց ինձ մնալ: Ես ցանկանում էի ապացուցել, որ արժանի եմ այստեղ գտնվել: Նույնն անում եմ նաև այս տարի՝ փորձելով օգնել թիմին հաղթել որքան հնարավոր է շատ խաղերում, խաղադաշտում ցույց եմ տալիս կարողություններս»,- ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե հաջորդ մրցաշրջանում կմնա՞ դորտմունդյան թիմում, Մխիթարյանը նշել է.

«Հույս ունեմ: Հնարավոր է, որ Տուխելն անհրաժեշտ փաստարկներ կբերի նաև այս անգամ»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականին: Ակումբի ղեկավարությունը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ կանի ամեն ինչ՝ Մխիթարյանին թիմում պահելու համար: