Slaq.am-ը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին' նրանց անցած ճանապարհն ու իրականացրած գործունեությունը:

Այս անգամ ներկայացնում ենք ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանին:

Ռուբեն Հովսեփյանը չնայած իր պատկառելի տարիքին' ԱԺ-ում նորեկ է, նա խորհրդարան է մտել 2012թ. մեծամասնական ընտրակարգով' թիվ 6-րդ ընտրատարածքից:

Ռուբեն Հովսեփյանն ԱԺ նիստերին մասնակցում է պարտաճանաչ կերպով, 5-րդ գումարման խորհրդարանական նիստերից նա բացակայել է 1 անգամ:

Ըստ parliamentmonitoring.am կայքի, այս ամիսների ընթացքում նա հանդես չի եկել ելույթներով և հարցադրումներով:

Նշենք, որ Ռուբեն Հովսեփյանը ծնունդով ապարանցի է, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է: Վերջիններս էլ մեծ հեղինակություն են վայելում Ապարանում: Նույնիսկ ասում են, որ նա շատ հումորով անձանավորություն է, միշտ մեծ հաճույքով է լսում ապարանցիների մասին նոր անեկդոտները: Ավելին, եթե ապարանցիների մասին նոր անեկդոտ է լսում, ինքն է պատմում մյուսներին:

Մինչև պատգամավոր դառնալը նա ղեկավարում էր Աջափնյակ վարչական շրջանը: Պատգամավոր դառնալուց հետո էլ իր դիրքերը չի թուլացրել: Պետք է նշենք նաև, որ Հովսեփյանն այն քիչ պատգամավորներից է, ով երբեք չի օգտվել թիկնապահների ծառայությունից: Վերջինս նաև «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ է:

Ստորև ներկայացնում ենք Ռուբեն Հովսեփյանի կենսագրական տվյալները.

Ծնվել է 1958թ. օգոստոսի 28-ին Երեւանում:

1982թ. ավարտել է Երեւանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը: Տեխնիկ-էլեկտրիկ: 2005թ. ավարտել է Մոսկվայի ոչ առեւտրային ինքնավար կազմակերպության եւ ձեռներեցության միջազգային ակադեմիայի (ինստիտուտի) Երեւանի մասնաճյուղը: Իրավաբան:

1973-1982թթ. «Էլեկտրասարք» արտադրական միավորումում աշխատել է փականագործ: 1982-1986թթ. «Ռեմդետալ» գործարանում' բարձր կարգի փականագործ, 1986-1989թթ.' արտադրամասի վարպետ: 1990-1996թթ. եղել է «Բասեք» կոոպերատիվի նախագահ: 1997-1998թթ.' Հարավարեւմտյան թաղամասի «Սպասարկում թիվ 2» ԲՇՏ-ի պետ: 1998-2004թթ. աշխատել է «Երեւանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի տնօրենի տեղակալ, ապա' «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն: 2004-2006թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար: 2006-2009թթ.' Երեւանի Աջափնյակ համայնքի, 2009-2012թթ.' Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 6 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ռուբեն Հովսեփյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք. 1 բնակարան Երևանում (111.1 քմ), 1 բնակելի տուն (39.54 քմ), 1 հասարակական շինություն (1055.6 քմ) և 1 հողամաս Արագածոտնի մարզում: Առանձին տողով հայտարարագրել է նաև 1 հողամաս և ևս 1 հողամասով բնակելի կառույց (99.9 քմ) Երևանում:

Ունի 1 ավտոմեքենա (Toyota land-cruiser 200):

Հաշվետու տարվա եկամուտը' 3 մլն 900 հազ. 788 դրամ (աշխատավարձ): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ' 30 մլն ՀՀ դրամ, 90 հազ.ԱՄՆ դոլար, 20 հազ. եվրո:

Թանկարժեք գույք, արժեթուղթ և այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի: