Ինչպես գիտենք, Հայաստանի կարևորագույն գերխնդիրներից մեկը շարունակում է մնալ մարզերում տիրող խայտառակ սոցիալ-տնտեսական իրավիճակը, որի արդյունքում օր օրի ավելանում է այդ շրջաններից բնակչության արտագաղթը՝ օտար երկրներ: Ասել, թե պետությունը բացարձակ անուշադրության է մատնել Հայաստանի մարզերում արմատացած խնդիրները, անարդար կլիներ, սակայն միևնույն ժամանակ համարել, թե գործադրվող ջանքերը միանգամայն բավ են՝ ոլորտում կատարած աշխատանքները գոնե բավարար գնահատելու համար, ևս չենք կարող:

 

Մարզաբնակ մեր քաղաքացիների կեսից ավելին գործնականում աղքատիկ պայմաններում է սեփական գոյությունը մի կերպ քարշ տալիս, ինչը, պարզվում է, ոչ այնքան երկրի կենտրոնական իշխանությունների կողմից թույլ տված բացթողումների արդյունք է, որքան՝ տեղական: Այո՛, այո՛, դուք ճիշտ հասկացաք մեզ. տեղական իշխանությունների դերակատարությունն այս ամենում բնավ էլ պետք չէ թերագնահատել:

 

Պրակտիկան ցույց է տալիս, որ, հատկապես վերջին շրջանում, բավական մեծացել են մարզային իշխանությունների կողմից թափթփվածության ու ոչ հետևողական քաղաքականության արդյունքում գրանցվող օրինախախտումները, որոնց արդյունքում՝ հիմնական տուժող կողմ է դառնում հասարակ քաղաքացին: Ուրախալին այն է, սակայն, որ կենտրոնական իշխանությունները կարծես որոշել են այլևս «աչք չփակել» ստորադասների օրինախախտումների, վատ աշխատանքի վրա և պատասխանատվության կանչել նրանց, ում մեղքով էլ հենց հիմնականում փոշիանում են պետական բյուջեից տարածքային զարգացման նպատակով հատկացրած գումարները:

 

Ասում են՝ հատկապես մարզպետարանների սոցիալական վարչություններում և տարածքային գործակալություններում տոտալ ստուգումներ են սկսվել: Իսկ ստուգումներ կատարելու որոշումը բացատրվում է այն հանգամանքով, որ վերջին շրջանում զգալիորեն ավելացել են բողոքները հատկապես մարզային գործակալությունների աշխատանքից, որոնք, ինչպես գիտեք, գտնվում են հենց մարզպետարանների ենթակայության տակ: Բանն այն է, որ մի քանի մարզերում երկրի Վերահսկիչ պալատը լրջագույն խախտումներ է հայտնաբերել այդ ծառայությունների աշխատանքում, ինչն էլ առիթ է դարձել տոտալ ստուգումների: Լուրեր են շրջանառվում, որ մարզպետարաններում իսկական խուճապ է առաջացել, քանի որ ոչ ոք երաշխիքներ չունի, որ հենց իրեն չեն ենթարկի պատասխանատվության:

 

Չնայած Հայաստանը երբեք էլ չի փայլել պետական վերահսկողության բարձր մակարդակով, սակայն վերոհիշյալ միջոցառումները հույս են տալիս, որ տարիներ տևած անտարբերության գաղջ մթնոլորտը կարող է կոտրվել. մեր երկիրը հավելյալ ազատ միջոցներ չունի, որ տրամադրի մարզպետարանների աշխատակիցների վավաշոտ ցանկությունները բավարարելուն: Հուսանք, որ ստուգումներն այս կտան իրենց ցանկալի արդյունքը, իսկ չարաշահողներն ու օրինախախտները կարժանանան իրենց արժանի պատժին: Պետք չէ մոռանալ՝ պետության առաջնային գործառույթներից մեկը նաև արդարության վերականգնման նպատակով համապատասխան պատժիչ գործողություններ իրականացնելն է:

 

Դավիթ Բաբանով