Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ կուսակցություններին կոալիցիա կազմելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկ էր արել:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ՝ ճշտելու, թե որքանո՞վ է հավանական այս պահին ընդդիմադիր կոալիցիայի ձևավորումը, և «Եռյակ», «Քառյակ», և մինչ այս գոյություն ունեցող ընդդիմադիր այլ դաշինքների գործունեությունը և փլուզումը տեսնելուց հետո արդյունավետ ընդդիմադիր դաշինքի կամ կոալիցիայի ստեղծումը: 

 

«Որպեսզի ընդդիմադիր կոալիցիա ձևավորվի, պետք է տեսնել՝ ովքեր են այդ ուժերը: Ի վերջո, քաղաքական ուժը նա չէ, ով Արդարադատության նախարարությունում գրանցված է՝ որպես կուսակցություն: Պետք է տեսնել այդ ուժի գործունեությունը, իսկ այդպիսի ուժ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում մնացել է միայն ՀԱԿ-ը, մի մասը պարզապես գրանցվել են նախարարությունում, մյուսների գործունեությունն էլ տեսանելի չէ:

 

Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրել, կամ մեկ երկու օրենքի նախագիծ բերել ԱԺ, դեռ ոչինչ չի նշանակում: Առավել ևս, որ Հայաստանում շատ տարածված երևույթ է, երբ իշխանությունն ինքն է ստեղծում տարբեր տեսակի ընդդիմադիր կառույցներ, հիմնական ընդդիմադիր ուժին խանգարելու համար, պետք է հասկացվի՝ ովքե՞ր են ընդդիմադիր կառույցներ, որ պետք է դաշինք կնքեն»,- ասաց Բադալյանը:

 

Վերջինս նշեց, որ Հայաստանի քաղաքական դաշտը նախկին 25 տարվա ընթացքում շատ անգամ է տեսել ընդդիմադիր դաշինքերի ձևավորում, սակայն հենց մտնում են խորհրդարան, սկսում են ամեն մեկն առանձին իր գիծը տանել.

 

«Լավագույն օրինակը ՀԱԿ-ն է, երբ ԱԺ աշխատանքների ավարտին մենք տեսնում ենք, որ այդ խմբակցության պատգամավորներից մի քանի հոգի են մնացել այն գաղափարների շուրջ, որով մտել էին խորհրդարան: Մյուսներն ամեն մեկն իր գիծն է տանում: Այդ իսկ պատճառով ընդդիմադիր ուժերի դաշինքով գնալն այլևս սխալ ռազմավարական քայլ է: Թող յուրաքանչյուրն իր ուժով գնա, կկարողանա հինգ տոկոսն անցնել՝ կկարողանա, չի կարողանա՝ հաջողություն իրեն:

 

Իսկ եթե գտնում են, որ ունեն այնքան մոտ ծրագրեր, որ կարող են դաշինքով գնալ, ուրեմն առավել թույլ ուժի նախագահը թող բարի լինի իր կուսակցությունը լուծարել և մտնել այն կուսակցության մեջ, որն առավել մեծ է և որի ծրագրերով ինքը համաձայն է գնալ ԱԺ:

 

Դաշինքները՝ թե՛ իշխանության կողմից, թե՛ ընդդիմության կողմից, իրենց սպառել են այս պահի դրությամբ: Դա խանգարում է կուսակցությունների աշխատանքին»,- ասաց Բադալյանը:

 

Ի դեպ, կուսակցությունները երբ դաշինքով են գնում խորհրդարան, այդ հինգ տոկոսը կռվախնձոր է դառնում. «Ամեն մեկը սկսում է պնդել, որ այդ հինգ տոկոսն իր կուսակցության շնորհիվ է: Ցանկալի չէ դաշինքը, թող ամեն մեկն իր ճանապարհով գնա»,- եզրափակեց նա:

 

Գայանե Համբարձումյան