Ժամանակակից աշխարհում այս կամ այն երկրի մասին կարծիք կազմելիս շատերը, որպես վճռորոշ գործոն, դիտարկում են զանազան միջազգային կազմակերպությունների կողմից կազմած վարկանշային ցուցակներում դրանց զբաղեցրած դիրքը: Ստացվել է այնպես, սակայն, որ շատ հաճախ նմանատիպ կազմակերպությունների կողմից ներկայացվող վարկանշային աղյուսակները ոչ միշտ են համապատասխանում այն իրականությանը, որ տիրում է մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների և այլ ոլորտներում:

 

 

Երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե այդ կազմակերպություների կողմից պարբերաբար հրապարակվող ցուցակներն ու վարկանիշային աղյուսակները կեղծ են, իրականությունից կտրված: Հետաքրքիր է՝ ի՞նչ եք դուք անձամբ մտածում, օրինակ, Հայաստանում տիրող գործարար միջավայրի մասին: Վստահ եմ ՝ձեզանից շատերը հիմա քմծիծաղով արձագանքեցին իմ այս հարցադրմանը, սակայն նույնը չես ասի, օրինակ, Համաշխարհային բանկի մասին, որի «Dօing business» վարկանշային աղյուսակում մեր երկիրը, չգիտես ինչ հրաշքով, բավական լավ դիրքերում է հայտնվում:

 

 

Եթե անսալու լինենք նմանատիպ վարկանշային աղյուսակներից որոշներին, ապա պետք է պնդենք, որ Հայաստանում բիզնես հիմնելու ու այն հաջողությամբ վարելու համար մեր երկրում կան շատ ավելի լավ պայմաններ, քան՝ նույնիսկ որոշ զարգացած երկրներում: Բայց համաձայնե՛ք, որ մեզ շրջապատող իրականությունը բոլորովին տարբեր է փաստաթղթայինից. ի դեպ, օրինակ՝ նույն «Dօing business» վարկանշային աղյուսակը կազմելիս մասնագետները շեշտադրել են հենց վերջին գործոնը՝փաստաթղթայինը: Պարզվում է, որ Հայաստանը, զուտ փաստաթղթային առումով, իսկական դրախտ է գործարարների համար, ուր սպասում են նրանց գրկաբաց ու ամերիկյան ժպիտը դեմքներին: Այնինչ, իրականությունը բոլորիս է հայտնի. եթե արտոնյալ մեկի հովանավորչությունը չես վայելում ու, այսպես ասած, «կռիշ» չունես, ապա քեզ, մեղմ ասած, ամենևին էլ լավ օրեր չեն սպասվում: Իհարկե միգուցե մենք գույները մի փոքր խտացնում ենք, և ձեզանից ոմանք կարող են և մտաբերել հաջողված օրինակներ, սակայն պետք է ասենք, որ եթե նույնիսկ այդպիսիք կան էլ, ապա դրանք կարելի է հաշվել մատների վրա. դրանք օրինաչափ չեն:

 

 

Եթե փորձենք մի փոքր ընդհանրացնել ու երկու խոսքով թվել այն հիմնական խոչընդոտները, որ ծառանում են ստեղծարար մարդու առջև Հայաստանում, ապա պետք է ասենք՝ դրանք հինականում երկուսն են՝ ամենակուլ կոռուպցիան և ֆինանսների անհասանելիությունը: Վերջին խնդիրը հատկապես սուր է արտահայտված ՓՄՁ-ների դեպքում, որոնց համար մատչելի տոկոսներով վարկավորվելն անիրական մի բան է դարձել մեր երկրում, և սա այն պարագայում, երբ զարգացած կապիտալիստական աշխարհում թիվ մեկ խնդիրը համարվում է գործարարի կողմից մատչելի վարկերի ձեռքբերման հարցը:

 

 

Չնայած այս ամենին, այս դաժան պատկերին՝ մեզ մոտ, պարզվում է, փաստաթղթերի հետ կապված ամեն բան մոտ է իդեալականին, ու թող փորձվեն կշտամբել անհավասար պայմաններ ստեղծելու մեջ… Հավասարության երկիր է Հայաստանը, չգիտեի՞ք, ուրեմն կարդացե՛ք փաստաթղթերը…



Դավիթ Բաբանով