Մոսկվայում մարտի 11-ին մեկնարկելիք Հավակնորդների մրցաշարից առաջ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել ռուսական sport-express-ին' նշելով, որ պատրաստ է ցանկացած պահի մենամարտել աշխարհի գործող չեմպիոն՝ նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ և որ շատ է ցանկանում շախմատի աշխարհի չեմպիոն դառնալ:

«Ինձ շատ է դուր գալիս հավակնորդների մրցաշարում խաղալը: Սակայն այնտեղ ի վերջո հաղթում է ուժեղագույնը: Սովորաբար հենց սկզբից լավ խաղ ցուցադրողն էլ կարողանում է վերջում հաղթանակի հասնել: Ինձ թվում է ողջ պատմության ընթացքում երբեք այնպես չի եղել, որ չեմպիոնական թագի համար մրցամարտին մասնակցի որևէ պատահական մարդ »,- ասել է Արոնյանը:

Խոսելով Ցյուրիխի մրցաշարում անհաջող ելույթից, շախմատիստը ասել է.

«Երբ վատ ես խաղում, երբեք էլ չես կարող գոհ լինել քեզանից: Հավակնորդների մրցաշարից առաջ պետք է աշխատել ու շտկել բոլոր թերությունները: Անհրաժեշտ է ոչ միայն ֆիզիկապես պատրաստ լինել, այլ նաև շախմատային տեսանկյունից: Բարի մարդ եմ և ինձ անհրաժեշտ է լրացուցիչ լիցքավորվել: Ափսոս չկա «կատաղություն» անվանումով դեղամիջոց, ինչպես Լիոպոլդ կատվի հայտնի մուլտֆիլմում: Ես ողջ ուժով ձգտում եմ կատաղեցնել ինքս ինձ, մրցակիցների ու այն ամենի վրա, ինչը կա իմ շրջապատում, սակայն դա ինձ մոտ անբնական է ստացվում, քանի որ դա հատուկ չէ իմ բնավորությանը»:

Հավակնորդների մրցաշարը մարտի 11-28-ը կայանալու է Մոսկվայում: