Հայաստանը ողջունում է Սիրիայնի կառավարական զորքերի կողմից Պալմիրայի ազատագրումը: Համապատասխան գրառումն արված է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:

 

«Ողջունում ենք Պալմիրայի ազատագրումը։ Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի»,- նշված է գրառման մեջ:

 

Սիրիական բանակի մարտիկներն ու աշխարհազորայինների ջոկատներն ամբողջությամբ ազատագրել են Դամասկոսից 215 կմ հեռավորության վրա գտնվող Պալմիրա քաղաքը։ «Մեր զորքերն ամբողջական հսկողություն են հաստատել քաղաքի վրա և հետապնդում են ԻՊ-ի նահանջող ավազակախմբերի մնացորդները»,- նշված է Սիրիայի ԶՈՒ հայտարարությունում։

 

Սիրիացի սակրավորները ձեռնամուխ են եղել Պալմիրայի փողոցներն ականներից մաքրելուն, «Ալ Իբհարիա» հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի ԶՈՒ հրամանատարության ներկայացուցիչը։

 

Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: