Արդեն մեկ անգամ չի խոսվել այն մասին, որ պատմությունը հաճախ կեղծել ու կեղծում են: Սկսած այն ժամանակներից, ինչ ստեղծվեցին գրային համակարգերը և մարդիկ հնարավորություն ստացան գրառել իրենց ժամանակի ու նախորդած դեպքերի ու իրադարձությունների մասին, նրանք միշտ ներկայացրել են դեպքերն ու մարդկանց այնպես, ինչպես ձեռնտու է եղել իրենց կամ իրենց պատվիրատուներին:

 

 

Ժամանակի ընթացքում տեխնոլոգիաները զարգացան և զարգանում են օր-օրի, ու այսօր պատմությունը «կերտելու» ու ներկայացնելու հնարավորություն ունի գրեթե յուրաքանչյուր ոք, ով գրաճանաչ է և գիտի, թե ինչպես օգտվել համակարգչից: Մանավանդ, երբ կա խոսքի ազատություն և չկա որևէ վերահսկողություն, ով ինչ ուզի, կարող է գրել:

 

 

Վերցնենք մի սովորական դեպք. ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի կենսագրությունը եղել է և կա բոլորիս հայտնի Վիքիպեդիայում, բայց եղել է այլ բան, իսկ այսօր կա ուրիշ բան: Մանրամասնեմ. դեռ ոչ հեռավոր անցյալում, բառացիորեն օրեր առաջ Նաղդալյանի կենսագրությունում նշված էր, որ նա 1991-94թթ. մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչի համար 2015-ին պարգևատրվել է ռազմական գործողությունների մասնակցի և Մարշալ Բաղրամյանի անվան շքանշաններով: Սա դեռ օրեր առաջ էր, իսկ հետո տիկին Նաղդալյանն արեց «դարակազմիկ» հայտարարությունը հողերը հետ տալու մասին, ընդ որում՝ ազատագրված տարածքները անվանելով «գրավյալ» տարածքներ, և այդ հայտարարությամբ իր վրա հրավիրեց շատերի ուշադրությունը՝ բացասական իմաստով: Եվ շատերի ուշադրությունը գրավեց իր կենսագրության հենց այդ դրվագը ու զավեշտալի հարց առաջացավ՝ այդ ինչպե՞ս է Հերմինե Նաղդալյանը մասնակցել պատերազմին…

 

 

Հարցի պատասխանը շատ չուշացավ. Վիքիպեդիայի վերոհիշյալ էջն արագ կերպով խմբագրվեց, և Հերմինե Նաղդալյանի պատերազմին մասնակցելու ու հետո նաև մեդալներ ստանալու դրվագը հօդս ցնդեց, անհետացավ, կարծես թե չէր էլ եղել նման բան: Փաստորեն, վախեցան խայտառակ լինելուց, խառնվեցին իրար, բայց դե արդեն իսկ խայտառակ եղել էին. սուտը բացահայտվեց…

 

 

Ահա այսպես էլ մեզ մատուցվում է պատմությունը. ով ինչ ուզի, կգրի, և ոչ մի վերահսկողություն, ոչ մի երաշխիք, որ այն ամենը, ինչ մենք կարդում ենք, համապատասխանում է իրականությանը: Յուրաքանչյուրը կարող է դառնալ պատերազմի մասնակից, ազատամարտիկ, հերոս, յուրաքանչյուրը կարող է խաբել մարդկանց… Ես էլ ցանկության դեպքում կարող եմ գրել, թե ազատամարտիկ եմ, պատերազմին եմ մասնակցել, 800 ադրբեջանցի ու թուրք սպանել, միայնակ մի քանի գյուղ ազատագրել ու մի ամբողջ գումարտակի դեմ կռիվ տվել… Կարող եմ, թեպետ 1992թվականին ընդամենը 16 տարեկան էի և տարիքս չէր ներում մասնակցելու պատերազմին, բայց խաբել կարող եմ ու կհավատան: Յուրաքանչյուրս կարող է:

 

 

Ինձ միայն մի հետաքրքրող հարց մնաց այս պատմության մեջ՝ լավ, պատերազմին մասնակցելու պահը ջնջեցին, շքանշաններ տալու պահն էլ, բայց այդ շքանշանները չէ՞ որ իրականում տվել էին: Տեսնես շքանշանները Հերմինե Նաղդալյանից հետ վերցրի՞ն…

 

 

Կարեն Վարդանյան