Շատերդ կհամաձայնեք, որ հատկապես վերջին ժամանակներս Հայաստանում մի տեսակ մոդա է դարձել սրա-նրա կողմից նոր կուսակցություններ բացելն ու ժողովրդի նյարդերի հաշվին կյանքում ինքնադրսևորվելը: Հիմա էլ պարզվում է, որհերթը հասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով, ըստ ճշտված տեղեկությունների, պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել. ասում են՝ մայիսի 4-ին տեղի է ունեցել նորածին այդ քաղաքական գոյացության հիմնադիր համագումարը: Չնայած«Գյումրեցի ոգի» կուսակցությունում, որքան էլ կարող է տարօրինակ թվալ, հերքում են Բալասանյանի հետ որևիցե կապ ունենալու փաստը, սակայն տեղեկացնենք, որ «տարօրինակ» զուգադիպությամբ ու հակառակ պնդումների՝ կուսակցության վարչության նախագահը Սահակ Սարադյանն է՝ Սամվել Բալասանյանի խորհրդականն ու մերձավոր անձանցից մեկը, իսկ կուսակցություն ստեղծելու գաղափարն էլ ֆինանսավորում է Գյումրիի գործող քաղաքապետի որդին՝ Միսակ Բալասանյանը. ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

 

Իսկ հիմա հարց՝ բոլորիդ. դուք, որպես բանական մարդիկ, ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում արմատացած վատառողջ այն միտումը, երբ զանազան կալիբրի, ռանգի ու սփաթի չինովնիկներ այս կամ այն նախկին ու ներկա կուսակցականներ, փորձելով ինքնահաստատվել կյանքում ու ապահովել սեփական կարիերայի հետագա սահուն առաջընթացը, գրեթե ամեն շաբաթ մի նոր կուսակցություն են բացում Հայաստանում. փաստորեն' հիմա էլ հերթը հասավ Բալասանյանին, ով, վառված ապագայում ևս բարձր պաշտոններ զբաղեցնելու բուռն մարմաջով, փորձում է դաշտում հնարավորինս ակտիվորեն ինքնադրսևորվել ու ընտրություններից հետո ևս իր մասին հիշեցնել տալ վերևներին: Մի՞թե հիմա, երբ Հայաստանը կանգնած է լինել-չլինելու ջրբաժանին, երբ հասարակության միասնության հարցն ու գաղափարական կոնսոլիդացիան առաջնային նշանակություն են ձեռք բերել, հարմար պահն է մի նոր բաժանարար գիծ գծելու ժողովրդի մեջ. ամենևին էլ գաղտնիք չէ, որ անգամ համաշխարհային պատմության մեջ կուսակցությունների ստեղծման նպատակը եղել է ոչ այնքան ժողովուրդների բարեկեցության ապահովումն ու առաջընթացը, որքան երկրների հասարակությունները պառակտելու միտումները:

 

Ցավոք, որքան էլ տհաճ լինի խոստովանելը, մեր վերնախավում կան մարդիկ, գործիչներ ու դեմքեր, որոնց համար ամենաառաջնային նշանակություն ունեն նախևառաջ սեփական ամբիցիաներն ու անձնական շահերը, քան՝ նույն հայրենիքն ու հասարակությունը: Այն գումարները, որոնք ներդրվում են նոր ու անհասկանալի գաղափարախոսությամբ կուսակցություններ ստեղծելու գործում, անշո՛ւշտ, շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե ասենք ուղարկվեին առաջնագիծ՝ օգնություն՝ մեր տղերքին: Վստահ ենք՝ նման քայլը շատ ավելի մեծ քաղաքական դիվիդենտներ կբերեր այս կամ այն գործչին, քան իբր նոր կուսակցությունների ստեղծումն ու դրանով փաստելը, թե իրենք իբր գաղափարական են: Չնայած ի՞նչ գաղափարական, կաշառք կբաժանեն, կանցնեն էլի, թե չէ ո՞վ է հիմա նայում գաղափարներին. դրանք, ցավոք, անցած էտապ են այլևս…

 

Դավիթ Բաբանով