«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խառնել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդորրը: Որքան էլ իրենց ելույթներում ու հարցազրույցներում իշխանականները «թվացյալ» անհոգ կերպարի մեջ են, այնուամենայնիվ, նրանք լարված են ու անհանգիստ:

Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ. վերջին շրջանում բավականին հաճախ, ամենաբարձր մակարդակով ՔՊ-ականները պարբերաբար քննարկում են իրավիճակն ու փորձում վերլուծել, թե ինչ ավարտ կունենա շարժումը, եւ ինչպես պետք է կասեցնել այն: Իշխանականները խոր մտավախություններ ունեն, որ իրադարձությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ իրենց համար խիստ անցանկալի սցենարով զարգանալ, քանի որ Տավուշում տեղի ունեցող վերջին զարգացումներն ու կոնսոլիդացիան՝ Բագրատ սրբազանի եւ մյուս երկու լիդերների՝ Սուրեն Պետրոսյանի եւ Գառնիկ Դանիելյանի շուրջ, անսպասելի մեծ է: