Նորություն չէ, որ մեր երկրում չինովնիկների ամենասիրելի զբաղմունքն անհարկի ճոխություններ թույլ տալն ու սեփական ես-ը շոյող շռայլություններ անելն է, ինչը, ինչպես հասկանալի է, որպես կանոն, տեղի է ունենում ի հաշիվ հարկատուներիս միջոցների. պետական փողերը «քամուն տալու» գործում մերոնց հետ ոչ մի երկրի չինովնիկ չի կարող համեմատվել. սա' աներկբա:

 

Որքան էլ, միգուցե, ոմանց համար կարող է անակնկալ լինել, բայց բանից պարզվում է, որ այս հարցում պարզապես անզուգական է ՀՀ արտգործնախարարությունն, ուր, դատելով որոշակի վիճակագրական տվյալներից, ամենաշատն են սիրում արտերկրյա ճանապարհորդությունները կազմակերպել այնպես, որ առավելագույնս հնարավոր լինի մսխել պետական բյուջեի սուղ միջոցները: Հայաստանի պետական գերատեսչություններից ամենաթանկ ավիատոմսերը ձեռք է բերում հենց Նալբանդյանի նախարարությունը: Մի քանի փաստ. հունիս ամսվա առաջին տասնօրյակին Երևան-Բիշքեկ-Երևան մեկ տոմսի համար ԱԳՆ-ն վճարել է 547.000 դրամ: Երևան-Սոֆիա-Երևան մեկ տոմսի համար՝ 531.000 դրամ, նույն օրերին Երևան-Բեռլին-Երևան մեկ տոմսի համար՝ 401.700 դրամ և այսպես շարունակ: Որպես կանոն, նախարարությունը կրկնակի շատ է վճարում մի բանի համար, որը կարելի էր ձեռք բերել կրկնակի էժան գնով. ինչո՞ւ…


Այս հարցի պատասխանը, թերևս, կարող է լինել մեկը. մեր դիվանագետներն, իրենց համարելով էլիտար մասնագիտությամբ էլիտար դեմքեր, ինչպես նաև շոյելու համար սեփական եսասիրությունը,«լայաղ» չեն անում սովորական մարդկանց նման ճանապարհորդել էկոնոմ դասով. նախընտրում են առանձնանալ մոխրագույն «մասսայից» ու,, ի հաշիֆ հարկատուներիս վոյաժներ են կազմակերպում' այս կամ այն երկիր: Այցերը միգուցե և գործնական են, չենք կարղ հաստատապես ասել, բայց այն, որ այս ամենը ոչ մի կերպ չի կարղ տեղավորվել կառավարության հայտարարած համապատասխան միջոցառումների համատեքստում՝ ակնհայտ է:

 

Իսկ այս ամենը փաստում է մեկ բան' ժուժկալությունը նախևառաջ կենսափիլիսոփայություն է, մի բան, որը, ցավոք, այնքան օտար է մեզ, բայց հատկապես' հայրենի չինովնիկներին, ովքեր առիթը բաց չեն թողնում' թաքուն, թե «ապաշքյարա» ինքնահաստատվելու պետական բյուջեի հաշվին, բյուջե, որ այսօրինակ անհեթեթությունների պատճառով կրճատվել-դարձել է մի բուռ մետաղադամների կույտ. Հայաստանի աղքատության հիմնական պատճառը ոչ այնքան օբյեկտիվ, որքան սուբյեկտիվ գործոններն են, որոնց արմատը, թերևս, թաղված է հայրենական չինովնիկների գլուխներում:

 

Նախևառաջ մտածելակերպ ու կենսափիլիսոփայություն է պետք փոխել երկրում ու նոր միայն անցնել այս կամ այն անձի փոփոխությանը, եթե իրոք ցանկություն կա՝ անցնելու խնայողական ռեժիմի. ո՛չ առաջինն է արվում, ո՛չ էլ երկրորդը…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ