Lurer.com կայքի վերլուծաբան Սարգիս Հակոբյանը գրում է.

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրեն ընդամենը վեց հազար հավատարիմ մարդ է պետք' երկրում ընտրությունների կամ «թավշյա հեղափոխության» միջոցով իրավիճակ փոխելու համար:

 

Դատելով Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, Փաշինյանի փնտրտուքն արդյունավետ չէ: Հայաստանի կոմունիստները երկար մտածել են, և խորհրդարանական առաջիկա ընտրությունների համար գտել են հաջողությունը երաշխավորող իրենց թիվ-բանաձևը' հինգ հարյուր հազար թոշակառուն է: Եթե քաղաքական սարկազմը մի կողմ թողնենք, ապա ՀԿԿ-ն արդյունավետ ղեկավարման և մոդեռնիզացիայի դեպքում ուներ բոլոր նախադրյալները' ոչ միայն խորհրդարանում ներկայացված լինելու, այլ' Հայաստանի քաղաքական դաշտում ծանրակշիռ ներկայություն ունենալու համար: Ոչ մի կուսակցություն չունի այնքան բնական պոտենցիալ էլեկտորատ, ինչքան կոմունիստները:

 

Ի վերջո, Հայաստանում, աղքատ է բնակչության 1/3-ը' նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ: ՀԿԿ-ն ստացել է նաև «գաղափարական ռեաբիլիտացիայի» շանս. Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, կոմունիստական քարոզչությունը կարող էր հրամցնել ԽՍՀՄ-ին «վերածնման» համատեքստում:

 

Սակայն, ոչ սոցիալական և ոչ էլ գաղափարական գործոնները չկարողացան ռեաբիլիտացնել ՀԿԿ-ին, անգամ այն պարագայում, որ քաղաքական համակարգի «ձախ» սեգմենտը, ըստ էության, դատարկ է: Օրվա հացի կարոտ հինգ հարյուր հազար թոշակառու և Հայաստանի հինգ հարյուր հազար ավելի երիտասարդ աղքատ բնակիչները չեն հավատում կոմունիստական կամ սոցիալիստական վերածննդին, որովհետև հենց կոմունիստների «թեթև ձեռքով» դա նույնացվել է «էժան երշիկ» պրիմիտիվ ընկալման հետ:

 

Խորհրդային նոստալգիայի գործոնը մեր քաղաքական կյանքում չի աշխատում, որովհետև ո'չ կոմունիստները, և ո'չ էլ Հայաստանի քաղաքական կյանքի այլ դերակատար, չի ձևակերպել Եվրասիական ինտեգրացիայի ռացիոնալության հանրային պատվեր: 70-ամյա իշխանությունից հետո, ՀԿԿ-ն չփորձեց ադապտացվել նոր իրականությանը' մոդեռնիզացվել, ինչպես դա արեցին Ռուսաստանի կամ Մոլդովայի կոմկուսները:

 

Եթե մինչև 1999-ը, Հայաստանի կոմունիստները հարաբերական հաջողություն ունեին, ապա դա պայմանավորված էր լուսահոգի Սերգեյ Բադալյանի խարիզմայով: Նրա մահից հետո կոմունիստների ձայները փոշիացան' բաժանվելով Կարեն և Ստեփան Դեմիրճյանների, Արտաշես Գեղամյանի և Արթուր Բաղդասարյանի կուսակցությունների միջև:

 

ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը թաքուն հույսեր ունի, որ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը «փրկիչ» է: Հավանաբար, ոչ միայն երկրի, այլ նաև' Կոմկուսի համար: «Նա եկել է Ռուսաստանից»,- կարոտով ասում է Հայաստանի թիվ մեկ կումունիստը' մոռանալով, որ արմատապես փոխվել է նաև այսօրվա Ռուսաստանը՝ ասոցացվելով, ոչ այնքան «կարմիրի», որքան մեծահարուստ օլիգարխների հետ: