Այսօր առավոտյան Երևանում՝  Բաղրամյան պողոտայում, երթևեկությունը գտնվում էր կաթվածահար վիճակում: Խցանման մեջ էին հայտնվել տասնյակ մեքենաներ: Ավտոշարասյան մեջ կանգնած էին նաև շտապօգնության մեքենաներ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներից մեկն իր դժգոհությունն արտահայտեց՝  նշելով. «Տրանսպորտի նախարարության ու քաղաքապետարանի կողմից մշտապես լսում ենք, որ  պատրաստ են, ապահովված են համապատասխան  տեխնիկայով, օդերևութաբաններն օրեր առաջ տեղեկացրել էին, որ սպասվում են ձյան առատ տեղումներ: Ու՞ր են հիմա ճանշինականները, խցանումների մեջ են հայտնված տասնյակ մեքենաներ, երթևեկությունը կաթվածահար վիճակում է»:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ճանապարհների ձմեռային սպասարկման որակը բարելավելու և արդյունավետ հսկողություն սահմանելու նպատակով ներդրել է վերահսկողության նոր մեխանիզմ: Եթե մինչև այժմ ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատանքը վերահսկվում էր «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման և պահպանման բաժնի աշխատակիցների միջոցով, այժմ ավելացել է առցանց հսկողության մեխանիզմը, որի միջոցով կապալառուների մեքենաների վրա տեղադրվել են թրեյքերներ, իսկ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում ներդրվել է համապատասխան տեղեկատվական համակարգ, որով առցանց հնարավոր է 24 ժամ հետևել՝ արդյոք կոնկրետ համարանիշով մեքենան աշխատո՞ւմ է, թե՞ կանգնած է, ո՞ր կետից է սկսել ճանապարհը մաքրել և ո՞ւր է հասել:

 

Աղավնի Սուքիասյան