Ընդամենը մի քանի օր անց ամանորյա տոներն են, իսկ սա նշանակում է, որ բոլոր հայկական ընտանիքներում նախատոնական առևտրային եռուզեռը դեռևս մի քանի օր էլ կշարունակվի. բոլորն են ցանկանում հավուր պատշաճի ճանապարհել հին տարին ու դիմավորել նորը:

2016-ին, սակայն, ստացվեց այնպես, որ, ինչպես վկայում են առևտրականները, նախատոնական եռուզեռ այդպես էլ շուկաներում կարծես չգրանցվեց, ինչն, անշո՛ւշտ, պայմանավորված էր ոչ միայն ժողովրդի ընդհանուր կենսամակարդակի իջեցմամբ, այլև, որ ոչ պակաս կարևոր է, գների թանկությամբ՝ խնդիր, որն այդպես էլ տարիներ շարունակ անհաղթահարելի է մնում Հայաստանում:

Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը տոներին ընդառաջ շտապել էր հանդես գալ հանձնարարականով՝ զսպելու հավանական գնաճը հատկապես պարենի ու սննդամթերքի շուկայում, սակայն բանից պարզվում է՝ ՏՄՊՊՀ-ն այնքան էլ ականջալուր չի դարձել վերադասի հանձնարարականին. հատկապես այս օրերին մեծ պահանջարկ վայելող ապրանքների 90%-ի մասով անբնական գնաճ է արձանագրվել. գնաճ կա թե՛ գյուղմթերքի և ընդեղենի, թե՛ մսամթերքի շուկաներում: Ընդ որում՝ չափազանց հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել հատկապես մսի շուկայում. թեպետ ֆորմալ առումով այստեղ գների աճը 300-500 դրամի սահմաններում է, բայց ստացվել է այնպես, որ մի շարք խանութներում ու սուպերմարկետներում, չգիտես ինչու, նույն մսամթերքը վաճառվում է 50-60% թանկացված գնով:

Փաստորեն՝ ստացվում է՝ որոշ խանութներ չարաշահումների արդյունքում ոչ միայն «խփում» են վերջնական սպառողի գրպանին, այլև էականորեն վնասում են արտադրողին, որը, սեփական կաշվից դուրս գալով, փորձում է հնարավորինս էժան արտադրանք մատակարարել շուկային՝ մրցակցությանը դիմանալու համար:

Իսկ ստեղծված անբարեհույս իրավիճակը կարող է պայմանավորված լինել, ըստ մեզ, երկու հիմնական հանգամանքով՝ կա՛մ Կարապետյանի խոսքը բավարար չափով ազդու չի հնչել Արտակ Շաբոյանի համար, կամ այն ուղղակի կրել է ձևական բնույթ՝ նախընտրական տրամաբանությունից բխած: Առավել հավանական է, սակայն, ՏՄՊՊՀ-ի՝ սեփական գործառույթում թերանալու տարբերակն, ինչն, անշո՛ւշտ, չի կարող բխել Շաբոյանի կենսական շահերից. նա դեռ պետք է համոզի ու փաստի համապատասխաններին, որ իր սեփական պաշտոնում անձեռնմխելի մնալն, այնուամենայնիվ, արդարացված էր…

Կասկած լինել չի կարող, սակայն, որ կամայական թանկացումների հեղինակները չէին գնա նման քայլի, եթե նախապես իրենք իրենց ապահովագրած ու որոշների հետ նախնական համաձայնության եկած չլինեին: Վերջիվերջո, Շաբոյանի տեղը բոլորն էլ գիտեն ու եթե ռեալ վտանգ զգային նրանից, դժվար թե գնային գների չարդարացված բարձրացման ճանապարհով:

Բայց որն էլ լինի թանկացումների պատճառը, կամ ում կամայականության հետևանք էլ այն հանդիսանա, միևնույն է, դրանից շարքային սպառողի հոգսը չի թեթևանալու. ստիպված ենք լինելու մի լավ «փողաքամ լինել», չէ՞ որ առջևում Նոր տարին է՝ ուտուշ-խմուշի համազգային տոնը, որ, ցավոք, վաղուց մեզանում որկրամոլության յուրատեսակ շքահանդեսի է վերածվել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ