Պաշտպանության գիծը, որն ընտրել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն իր կնոջ՝ Պենելոպայի մասնակցությամբ մեքենայությունների վերաբերյալ սկանդալային մեղադրանքների ֆոնին, ֆրանսիացի ընտրողների մեծ մասին անհամոզիչ է թվում: Սրանք են այն հարցման տվյալները, որը կատարել է Elabe սոցիոլոգիական ծառայութ յունը, եւ որոնք հրապարակել է BFM-TV հեռուստաալիքը:

 

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, հարցվածների 76 տոկոսը համոզիչ չի համարում այն փաստարկները, որոնք Ֆիյոնը բերում է իրեն պաշտպանելու համար: Քաղաքական գործչի արդարացումները վստահության արժանի է համարում հարցման մասնակիցների 23 տոկոսը: Եվս 1 տոկոսը պատասխան տալ չի կարողացել:

 

Պատասխանելով Ֆիյոնին ընկալելու վերաբերյալ հարցին՝ հետազոտության մասնակիցների սոսկ 28 տոկոսն է հայտարարել, որ վստահ է թեկնածուի ազնվությանը, եւ սոսկ 27 տոկոսն է զգում, որ նա «հասկանում է մարդկանց», որոնք իր պոտենցիալ ընտրողներն են:


Դրա հետ մեկտեղ ֆրանսիացիների 54 տոկոսը համոզված է, որ հենց Ֆիյոնն է ունակ միավորելու ֆրանսիացի աջ կենտրոնամետների տարբեր հոսանքները, եւ հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ քաղաքական գործիչն ունի նախագահ դառնալու անհրաժեշտ արժանիքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը' EPA