«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր՝ փետրվարի 1-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստը:

 

Դատարանը մերժեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի երկու միջնորդությունները: Վերջիններս վերաբերում էին գրավի դիմաց կալանքից ազատմանը և մեղադրյալին անօրինական կալանքի տակ պահելուն (կալանքի ժամկետը լրացել է դեռևս հունվարի 28-ից):

 

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն, կատարել է խոշոր չափերով շորթում' «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով՝ հիշյալ ընկերությունից 15.03.2016թ. պահանջել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար:

 

Բացի այդ, Անի Հովհաննիսյանը 2014 թվականի դեկտեմբերի 6-ին, 2015 թվականի հունվարի 30-ին և 2016 թվականի ապրիլի 5-ին «Analitik.am» կայքում հրապարակել է Տիգրան Ուրիխանյանին և նրա կնոջն արատավորող, նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ:

 

Տ.Ուրիխանյանը հանդիպումներ է ունեցել Ա.Հովհաննիսյանի հետ, որոնց ընթացքում վերջինս, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք դադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ այլևս չհրապարակելու համար Տ.Ուրիխանյանից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ: