Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են նաև քաղծառայողներ: Այս փաստը ստիպում է մեկ անգամ ևս լրջագույն կերպով մտորել մեր երկրում առկա նախընտրական դառը ավանդույթների մասին: Այն, որ պետական ապարատը կամա, թե ակամա՝ ակտիվորեն լծվում է ընտրական պրոցեսներին, ոչ մեկի համար գաղտնիք չէ. այսօր՝ անգամ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը չի հերքում նման տեղեկատվությունը, իսկ սա արդեն նշանակում է, որ լատենտ գործընթացները անպատժելիության մթնոլորտում նոր թափով են սկսում զարգանալ:

 

Քաղծառայողներն արդեն իսկ ակտիվորեն մասնակցում են ընտրական հանձնաժողովների անդամների քննությանը: Արդյոք միայն այսքանո՞վ է սահմանափակվում նրանց ներգրավվածությունը, թե՞ վերջիններս մասնակցում են նաև քարոզչական աշխատանքներին՝ ինչը արգելված է օրենքով: Մանվել Բադալյանը հավաստիացնում է, որ քաղծառայողների՝ ընտրական գործընթացներում ներգրավվածությունը որևէ կերպ չի խոչընդոտում նրանց արդյունավետ աշխատանքին:

 

Ըստ Բադեյանի՝ այս տարվա խորհրդարանական ընտրություններին սպասարկող սարքեր են տեղադրվելու ընտրությունները վերահսկելու համար: Եվ հանրային ծառայողները կարող են ներգրավվել որպես մասնագետներ՝ ընտրական գործընթացում: Թերևս միայն Բադեյանն է կարող հավատալ այն հավաստիացումներին, որ քաղծառայողների մասնակցությունն այսքանով կսահմանափակվի, հաշվի առնելով, թե ինչի համար է, որպես կանոն, մեր երկրում գործի դրվում պետական ապարատի նախընտրական «շահագործումը»:


Կարծես թե պարզ է դառնում՝ ինչպես է ստացվել, որ 2016թ. զգալի մասը պետական գերատեսչությունների ոչ միայն ղեկավարները, այլեւ նրանց ենթակաները, ըստ էության, չեն աշխատել ու մատնվել են պարապուրդի: Մոտավոր հաշվարկներով՝ պետական կառավարման համակարգն այդ վիճակում եղել է մոտ երեք ամիս: Փաստացի, իշխանությունները բավական երկար ժամանակ է, ինչ պատրաստվում են այս ընտրություններին և ոչ առանց պետական ռեսուրսների շահագործման, ինչն էլ բացատրում է մեր պետական կառույցների, մեղմ ասած, ոչ արդյունավետ աշխատանքը:


Ըստ Բադալյանի՝ եթե քաղծառայողները օրենքի տառը խախտելով են ներգրավվում ընտրական գործընթացներում, ապա դա նախ պետք է վերահսկվի կոնկրետ ղեկավարի կողմից: Այստեղ ակնհայտորեն աչքի է զարնում մեր պետական ատյանների կողմից տարիներ ի վեր հաջողությամբ կիրառվող՝ պատասխանատվությունը սեփական ուսերից միմյանց վրա գցելու քաղաքականությունը: Քաղծառայողներն իրենց աշխատանքի հաշվին ներգրավվում են ընտրական գործընթացներում, օրենքի տառը խախտելով՝ զբաղվում նախընտրական քարոզչությամբ՝ ինչից տուժում է նրանց աշխատանքը, հետևաբար, նաև ողջ պետական համակարգը:


Դժվար է պատկերացնել, որ այս ամենը չի գիտակցվում իշխանությունների կողմից, սակայն ավանդական դարձած գործելաոճը կարծես թե դեռևս բերում է իր պտուղները և օրինական դաշտ գալը ձեռնտու չէ վերջիններիս համար: Ընտրություններին նախանշված նպատակներին հասնելը, փաստացի՝ առավել կարևոր է, քան պետական համակարգի բնականոն աշխատանքը:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ