Վայոց Ձորի մարզը կարծես չի ցանկանում հետ մնալ նախընտրական թոհուբոհից. այստեղ ծավալվող քաղաքական գործընթացներն ավելի քան հետաքրքրական երանգ են ստանում: Անշուշտ, անզիջում պայքար է մղվելու հատկապես ռեյտինգային թեկնածուների միջև, ընդ որում, ինչպես ներկուսակցական, այնպես էլ միջկուսակցական պայքար:

Նախ ուշագրավ է այն փաստը, որ Վայոց Ձորի մարզպետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ոչ կուսակցության համամասնական, ոչ էլ ռեյտինգային տարբերակով չի մասնակցելու. ինչպես ՀՀ-ի մյուս մարզերում ու համայնքներում, այնպես էլ Վայոց Ձորի մարզում՝ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրությունների ընթացքը բավականին թեժ ու անակնկալ զարգացումներ է խոստանում:

Այս ընտրություններում կատաղի պայքար է սպասվում ինչպես կուսակցությունների, այնպես էլ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջեւ, քանի որ այս անգամ առաջադրված թեկնածուները ջանք ու եռանդ չպետք է խնայեն ոչ միայն սեփական քվեների, այլեւ հարազատ կուսակցության համար ձայներ ապահովելու համար, որովհետև այս անգամ խաղի կանոններն են այդպիսին:

Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերն ընդգրկող ընտրական տարածքում ՀՀԿ-ն առաջադրում է Աշոտ Արսենյանին, Նարինե Առաքելյանին, մարզպետ Վահե Հակոբյանին, Ավետ Սարգսյանին, Մուրադ Գրիգորյանին, Մխիթար Զաքարյանին եւ այլն: ՀՅԴ-ն, որը նույնպես ունի կայացած մարզային կառույցներ, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը ներառող թիվ 12 ընտրատարածքում ներկայացրել է 10 ռեյտինգային թեկնածու։ ՀՀԿ-ՀՅԴ միջև այստեղ լուրջ մրցակցություն է ուղենշվում:

Սյունիքի և Վայոց Ձորի մարզերnւմ ընդգրկված են մեկ ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ի հիմնական ֆավորիտը «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանն է, ով Վայոց Ձորում ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր և տարիներ շարունակ, սեփական գրպանից, լուծում է մարզում առաջացած խնդիրների մեծ մասը: Այս ընտրատարածքում ազդեցիկ է նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով տիրապետում է մարզի վարչական ռեսուրսներին, ինչպես նաև անձնական լուրջ կապեր ունի Սյունիքի տնտեսական հսկայի' Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Թեև Մեղրու միասնական համայնքը սակավամարդ է, բայց այդտեղ էլ անձնական հեղինակություն ունի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ