Եվրոպացի գիտնականներ Մարտին Նիֆելերը եւ Կլուս Բիրքհոֆերը հաշվարկել են, որ սարդերը տեսականորեն կարող են մեկ տարում ուտել մոլորակի բոլոր մարդկանց, տեղեկացնում է The Washington Post-ը:

Կենսաբանները հետազոտության արդյունքները հրապարակել են Science of Nature հանդեսում: Նրանց հաշվարկների համաձայն՝ որսի զանգվածը, որը տարեկան կլանում է սարդերի համաշխարհային պոպուլյացիան, տատանվում է 400-ից մինչեւ 800 միլիոն տոննայի սահմաններում: Միեւնույն ժամանակ մոլորակի յոթ միլիարդ բնակիչների միագումար կենսազանգվածը կազմում է 357 միլիոն տոննա:

Այսպիսով, սարդերը կարող են մեկ տարում ուտել ամբողջ մարդկությանը եւ, միեւնույն է, սոված կմնան, նշված է հոդվածում:

Իրենց գնահատումը հետազոտողները հիմնում են այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են սարդերի քանակությունը Երկրի տարբեր գոտիների մեկ քառակուսի մետրի վրա, որոնք պիտանի են սարդերի ապրելու համար, ինչպես նաեւ տարբեր չափերի հոդվածոտանիների կողմից գործածվող սննդի միջին քանակությունը: Օրինակ՝ աշխարհում, միջին հաշվով, մեկ քառակուսի մետրին բաժին է ընկնում 131 սարդ, ինչի մասին վկայում է գիտնականների բերած վիճակագրությունը:

Չնայած այն բանին, որ սարդերի մեծ մասը սնվում է միջատներով, հայտնի է, որ ավելի խոշոր տեսակները կարող են սննդում գործածել մողեսներ, թռչուններ եւ նույնիսկ ոչ մեծ կաթնասուններ, հիշեցնում է The Washington Post-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: