ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերությունից կատարված յուրացումների մեխանիզմը, դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք: Այս մասին տեեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 30-ամյա երիտասարդը, աշխատանքային պայմանագրի համաձայն, հանդիսացել է ՍՊ ընկերության առևտրի ներկայացուցիչ և ունեցել ընկերության հաճախորդներից պատվերներ ընդունելու և մատակարարված ապրանքների գումարը հավաքագրելու լիազորություն: Օգտվելով սույն հանգամանքից՝ 2013թ մայիսից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում 42 հաճախորդներից հավաքագրել է ավելի քան 17 մլն ՀՀ դրամ՝ վաճառված ապրանքների գումարը, և այն ընկերության հաշվեհամարին փոխանցելու փոխարեն յուրացրել է՝ օգտագործելով իր համար՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: