Այն, որ խորհրդարանական ընտրությունները հեռու էին իդեալական համարվելուց, այն, որ դրանք անցկացվել են բազում խախտումներով ու աղմկահարույց իրադարձությունների ուղեկցությամբ, նորություն չէ: Ճիշտ է՝ ոմանք հակված են ընտրություններն իդեալականացնելուն, եղած թերությունները չտեսնելու տալուն, սակայն միայն «ՍԱՍ-ի Արտակի» հետ կապված վերջին միջադեպը բավարար է՝ հաստատապես ու հիմնավորապես պնդելու, որ 2017թ-ի ընտրությունները ոչ մի որակական թռիչք էլ չեն արձանագրել, ու ամեն բան սովորականի պես է անցել. հոգեբանական ճնշումներ, կաշառք, անընդունելի գործիքակազմերի տոտալ կիրառում և այլն:

Պարզվում է, սակայն, Գեղարքունիքից ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադված Հակոբ Հակոբյանն («Թունելի Հակոբ») այս ամենի հետ կապված սեփական տեսանկյունն ու ձևավորված կարծիքն ունի, որը, պետք է նկատել, ավելի քան յուրօրինակ է:

Մասնավորապես՝ իր վերջին հարցազրույցներից մեկում խոսելով թե՛ «ՍԱՍ-ի Արտակի» շուրջ ստեղծված աղմկահարույց միջադեպից, թե՛, առհասարակ, անդրադառնալով ընտրությունների թեմային՝ Հակոբյանը կարծիք է հայտնել, թե սպառնալիքները նախընտրական պրոցեսի մի մաս են, որոնք ընտրության արդյունքի վրա չեն կարող ազդել: «Ընտրողը, ազատ կամքի արտահայտման ճանապարհով ընտրել է նրան, ում ուզել է»,-բառացիորեն ասել է նա՝ այսպիսով, ըստ էության, արդարացնելով թե՛ Արտակ Սարգսյանին, թե՛ բոլոր նրանց, ովքեր սովոր են ինչ-որ բաների հասնել բացառապես զոռբայությամբ:

Այն, որ իշխանամետ լինել կամ իշանությունների մաս կազմել բնավ չի նշանակում ոչ ադեկվատ վերաբերմունք ունենալ այնպիսի երևույթների նկատմամբ, որոնք բացի խայտառակությունից այլ բան Հայաստանին չեն կարող տալ, կհաստատեն բոլորը: Հետևաբար՝ հարց է առաջ գալիս՝ Հակոբյանի նմանօրինակ աշխարհայացքն նրա՝ իշխանամետ լինելու անզուգական ապացո՞ւյց է, թե՞ իրերն իրենց անուններով կոչելու անկարողության հետևանք: Ո՞վ է տեսել՝ սպառնալիքները համարեն ընտրական պրոցեսի բնական մաս այն պարգայում, երբ «ընտրություն» հասկացությունն ինքնին հակոտյա է բռնությանը. պարադոքսն ավելի քան ակնհայտ է: Ի՞նչ է, այս պարզ ճշմարտությունը Հակաբոյանը չի՞ գիտակցում: Դե իհարկե գիտակցում է, ուղղակի մարդը փորձում է ապացուցել՝ ինքը ՀՀԿ-ի նվիրյալն է:

Կներե՛ք, իսկ ո՞վ էր կասկածում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ