Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի տարելիցի առթիվ Թուրքիայում կրկին ակտիվացել են քննարկումները՝ հայ-թուրքական արձանագրությունները ռեանիմացիայի ենթարկելու անհրաժեշտության մասին:

 

Այն, որ նման խոսակցություններով նպատակ է դրվում միջազգային հանրության առջև ռացիոնալ և կառուցողական գործընկեր ներկայանալ, իսկ մեր հանրությանը մեկ անգամ ևս ծուղակը գցել՝ ավելի քան ակնհայտ է: Թուրքիան չուներ հաշտության եզրեր գտնելու ցանկություն՝ անգամ 2010-ին, երբ ամեն ջանք կիրառեց Հայաստանի կողմից առաջ քաշված ֆուտբոլային դիվանագիտությունը իր և իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի շահերի սպասարկմանը ծառայեցնելու ուղղությամբ: Կարելի է ասել՝ դա Թուրքիային հաջողվեց: Ինչ ստացանք մենք այդ ֆուտբոլային դիվանագիտությունից՝ դժվար է ասել:


Թերևս մեր իսկ անփույթ պաշտպանության արդյունքում գոլ բաց թողեցինք սեփական դարպասը: Իսկ գոլն այդ՝ հանգեցրեց Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացի էական դանդաղեցմանը , եթե չասենք սառեցմանը: Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին գտնվում են ավելի վատ վիճակում, քան նախքան «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Իսկ այն փաստը, որ երկիրը սուլթանատի վերածած Էրդողանի հպատակ մամուլը ակտիվորեն առաջ է մղում հայ-թուրքական նախաձեռնությունը արտաշիրիմելու անհրաժեշտության մասին խիստ կասկածելի թեզը, մեզ համար լուրջ նախազգուշացում պետք է հանդիսանա:

 

Ամենակարևորն այն է, որ այս փաստաթուղթը Թուրքիային հնարավորություն է տալիս կանխելու Հայաստանի կողմից որևէ հայց: Միջազգային իրավունքի մեջ գոյություն ունի «էստոպել» հասկացությունը, այսինքն՝ երբ որ պետությունն իր վարքով կամ իր անգործությամբ ցույց է տալիս, որ համաձայն է ստեղծված իրավիճակի հետ: Երբ որ հայկական կողմը ստորագրեց Ցյուրիխի արձանագրությունները, որի մեջ սահմանների վերահաստատում կար, նշանակում է՝ ամեն անգամ, երբ մենք փորձելու լինենք միջազգային դատարան դիմել, Թուրքիան կկարողանա ասել՝ տեսե՛ք, փաստաթուղթը, ճիշտ է, վավերացված չէ, բայց այն ազատ կամարտահայտությունն է Հայաստանի իշխանությունների, և նրանք հրաժարվել են որևէ պահանջատիրությունից: Հետևաբար, կարիք չկա ևս մեկ անգամ նշելու, որ մեր և միջազգային հանրության աչքերին թոզ փչելու գործիք դարձած հայ-թուրքական արձանագրությունները պետք է վերջնականապես դուրս բերվեն մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգից:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ