«Մեծ հաշվով հանրության համար Մարտի մեկը բացահայտված է, դրա հիմնական մեղավորները հայտնի են, հայտնի են նաև կազմակերպիչները, մնում է բացահայտել կոնկրետ կատարողներին, և այն, ինչ հայտնի է, դրան ուղղակի համապատասխան իրավական տեսք տալ քրեական գործի մեղադրական եզրակացության և ի վերջո դատական տեսքով»,- Մարտի մեկի զոհերի հիշատակին մատուցված պատարագից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե Մարտի մեկի պատասխանատուների թվում շեշտվում է երեք նախագահների անունները, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Հարցը երկու մաս ունի, երբ որ Դուք ասում եք՝ երեք նախագահ, դա ինձ համար մի քիչ անհասկանալի է: Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան անուններով նախագահ ՀՀ-ն չի ունեցել, ինձ համար գոյություն չի ունեցել և չի էլ ունենա»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղյակ չէ, թե ինչու ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը չի մասնակցել պատարագին:

ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչպիսի պայմանների դեպքում կբացահայտվի Մարտի մեկը, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Երբ որ Հայաստանում հաստատված կլինի ժողովրդի իշխանություն, որը և նախատեսված է սահմանադրութամբ, այդ ժամանակ էլ բացահայտումը տեղի կունենա: Բայց մի բան մենք բոլորս հստակ պետք է արձանագրենք, որ Մարտի մեկի սպանությունների բացահայտման հարցը երբեք չի կարող դուրս գալ Հայաստանի ժողովրդի օրակարգից, քանի դեռ բոլոր մեղավորները չեն կանգնել դատարանի առաջ. օրենքով սահմանված կարգով բոլոր մարդասպանները պետք է ենթարկվեն պատասխանատվության»: