«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Մայիսյան, Հովունի, Քեթի և Փոքրաշեն համայնքներում մայիսի 13-ին մեկնարկեց համամարզային շաբաթօրյակը:


Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակն իրականցրեց դեպի Մարմաշենի վանական համալիրի տանող ճանապարհին: Մարզպետարանի բոլոր վարչությունները՝ մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գլխավորությամբ, անմասն չմնացին հանրօգուտ աշխատանքից: Նախ ձեռքով, ապա նաև բահերով մաքրվեց տարածքում հոսող գետակի հունը, ապա պարկերով հավաքված աղբը մեքենայով հեռացվեց տարածքից:
«Որոշեցինք մինչև մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակը մարզպետարանի աշխատակազմի ջանքերով մաքրել մի տարածք, որը ոչ մեկին չի պատկանում ու տանում է դեպի պատմամշակութային տարածք: Ժողովուրդը պետք է հասկանա, որ սրա մեջ ոչ մի վիրավորական բան չկա ու եթե աղբը գցած է, ապա մարզպետն էլ է կարող դա հավաքել, սովորական քաղաքացին էլ: Սա նաև քարոզչական խնդիր է: Մարդիկ պետք է հասկանան, որ ինչպես պետական պաշտոնյան պարտավորություն ունի մաքուր պահելու տարածքը, այնպես էլ սովորական քաղաքացին: Ցավ եմ ապրում, որ այսօր տեսանք, որ այդ աղբը հիմնականում կենցաղային է: Հարցին պետք է գիտակցորեն մոտենալ՝ եթե ամեն օր էլ շաբաթօրյակ անենք ու նույն տեմպերով կեղտոտենք, ապա ոչ մի բան չի ստացվի: Խոսում ենք դարավոր պատմությունից, բայց չենք կարող հասկանալ, որ պետք չէ կեղտոտել տարածքը: Շրջակա միջավայրը մաքուր պահել պետք է դպրոցական նստարանից սովորեցնել»,-լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: