Մայիսի 17-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնությամբ համաժողով էր կազմակերպվել, որին իրենց մասնակցությունն էին բերել ամերիկյան 7 խոշոր ընկերություններ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, համաժողովին խոսելով էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցության հեռանկարների մասին, հայտարարել էր՝ ամերիկյան ընկերությունների կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներ անելու համար. 8 մլրդ դոլարի համագործակցության հնարավորություն կա:


Նկատենք, որ դեսպանի հայտարությունն ինչ-որ տեղ կարելի է սենսացիոն համարել, քանի որ Հայաստանի համար 8 մլրդ դոլարն այն գումարն է, որը կարող է իսկապես փրկություն դառնալ տնտեսական անկման մեջ գտնվող մեր երկրի համար: Դեսպանի հայտարարությունն ու ամերիկյան ընկերությունների կողմից Հայստանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ դրսևորվող հետաքրքրասիրությունը, սակայն, առավելապես հետաքրքրիր է մեկ այլ կողմից նաև. արդյոք ժամանակային առումով պատահակա՞ն է այն, որ ԱՄՆ-ը հենց հիմա է հետաքրքրություն դրսևորում ռազմավարական խոշորագույն նշանակություն ունեցեղ էներգետիկ ոլորտում ներդրումներ անելու հարցում ու հայտարարում իշխանությունների կողմից տրվելիք անհրաժեշտ երաշխիքների մասին, թե՞ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բուռն իրադարձությունների ու Միլսի հայտարարության միջև գոյություն ունի զրոյական կապ:


Եթե հիշում եք, միառժամանակ առաջ մամուլում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Սամվել Կարապետյանն ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում են գնել Հայաստանում խոշորագույն հիդրոկասկադ ընկերությունը, որի մեջ է մտնում «Հրազդան» ՋԷԿ-ը` 9 ՀԷԿ-ով։ Ակնհայտ էր, որ նման խոշորածավալ գործարքի հիմքն իրականում քաղաքական էր ու ուղղակիորեն թելադրված էր Մոսկվայից. խնդիր կար ոչ միայն լիարժեքորեն տիրելու Հայաստանի էներգետիկ ոլորտին, այլև ձեռքի հետ էլ ամրացնել Կարեն Կարապետյանի դիրքերը երկրի ներսում: Իսկ այս ամենը նշանակում էր մեկ բան. ՌԴ-ն Հայաստանում շախ էր հայտարարում Արևմուտքին, ինչն էլ իր հերթին նշանակում էր, որ Վաշինգտոնը չէր կարող ձեռքերը ծալած նստել ու ստիպված էր հակաքայլեր մշակել՝ կանխելու Հայաստանի լիակատար ռուսաֆիկացումը:


Արդեն իսկ հայտնի է, որ Սամվել Կարապետյանն ապաակտիվանում է. քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ նրա եղբայր Կարեն Կարապետյանը չի զբաղեցնի ՀՀ ԱԺ նախագահի աթոռը: Ավելին՝ կարծես այլևս դադարել են նաև խոսակցություններն այն մասին, որ տեսանելի ապագայում Հայաստան են հորդելու հսկայական ներդրումներ՝ ռուսական ծագման, ինչը, բնականաբար, չի կարող պատահական լինել հատկապես ԱՄՆ դեսպանի հայտարարության ֆոնին: Ըստ էության՝ տեղի է ունեցել հետևյալը. ԱՄՆ-ն կարողացել է որոշակի խողովակների միջոցով Մոսկվային հասկացնել, որ չի պատրաստվում Հայաստանն ամբողջությամբ ռուսներին հանձնել, ու հիմա Կարապետյանի նահանջին զուգահեռ ականատես ենք դառնում ԱՄՆ գրոհին:


Ինչ վերաբերում է Միլսի հայտարարությանը, թե ԱՄՆ-ին անհրաժեշտ են երաշխիքներ, ապա դա ակնհայտորեն ակնարկ է իշխանություններին՝ կամք ցուցաբերելու վերաբերյալ. եթե Հայաստանի իշխանություններն ուզում են երկիրը զարգանա, ապա արևմտյան կապիտալը պատրաստ է հոսել Հայաստան, իսկ իշխանությունների առաքելությունն էլ կայանալու է Մոսկվայի հետ նմանատիպ հարցերում լեզու գտնելը, խանդի նոպաները զսպելը: Այլ խոսքով՝ Միլսը ՀՀ իշխանություններին դնում է գործնականում անելանելի վիճակում՝ մի կողմից ներկայացնելով գայթակղիչ առաջարկ, մյուս կողմից` Ռուսաստանի հետ համապատասխան փոխզիջման գալու բեռը թողնելով նույն իշխանությունների վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Բանն այն է, որ Հայաստանում արվող կամ արվելիք օտարերկրյա ներդրումներն ավելի շատ ձեռնտու կարող է լինել քաղաքական տեսանկյունից, քան տնտեսական. ԱՄՆ առատաձեռնությունն այս պարագայում ունի բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ:


Թե ինչ երաշխիքներ այս ընթացքում իշխանությունները կներկայացնեն ամերիկացի ներդողներին, իհարկե ժամանակը ցույց կտա, բայց որ Մոսկվայի առաջխաղացումը Հայաստանում կասեցված է, ակնհայտ է:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ