Հայաստանի լրատվական դաշտի թոփ թեմաներից մեկն էլ մշտապես կա, մնում է ու դեռ երկար ժամանակ մնալու է գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակը: Սա իրականում մի խնդիր է, որը ոչ միայն վերաբերվում է անհամար թվով քաղաքացիների, այլև կրում է ռազմավարական բնույթ. չի կարող մի երկիր, որն ինքն իրեն չի ապահովում նույնիսկ պտուղ-բանջարեղենով, հույս ունենալ ինչ-որ տնտեսական աճի. նախ պետք է  սամիթ կամ սալոր աճեցնենք ու դրանով հագենանք, ու հետո միայն մտածենք, ասենք, մեքենաշինական ինչ-որ գործարան բացելու մասին: Այդպես չէ՞…

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցում խոսելով գյուղացիությանն ու գյուղատնտեսությանը հուզող խնդիրներից, մի «հանճարեղ» միտք էր արտահայտել՝ նշելով, թե իրենք օգնող նախարարություն չեն, իրենք ռազմավարություն մշակող նախարարություն են: Ի դեպ՝ այս մտքի փայլատակումն Առաքելյանի մոտ տեղի էր ունեցել ճիշտ այն պահին, երբ լրագրողն արդարացիորեն բարձրացրել էր հարցը, թե վերջապես նախարարությունը մի օր գյուղացու կողքին պետք է կագնի՞, թե՞ ոչ:

Այն մասին, որ պետությունը գրեթե երբեք չի կանգնել շարքային քաղաքացու կողքին, երբեք սեփական ռազմավարությունը մշակելիս բավարար չափով հաշվի չի առել սովորական քաղաքացիներին հուզող ամենահրատապ խնդիրները, կարող են վկայել անխտիր բոլորը:  Իրականում այն փիլիսոփայությունը, որ դրված է նախարարի պատասխանի մեջ, ամենևին էլ օտար չէ մեր իրականությանը. բոլորը ցանկանում են իրենց ուսերից հնարավորինս արագորեն թոթափել ավելորդ պատասխանատվությունն ու խուսափել հավելյալ բեռից: Միգուցե և Առաքելյանի պնդումը, թե գյուղատնտեսության նախարարությունն ընդամենը ռազմավարական հետազոտություններ իրականացնող ու պլաններ գծագրող ինստիտուտի պես մի բան է, ինչ-որ տեղ օբյեկտիվ է, սակայն այդ դեպքում էլ առաջանում են հարցեր, որոնց պատասխանները, հաստատ, Առաքելյանը նույն գյուղացիությանը տալ՝ ուղղակի չի կարող:

Կարո՞ղ է իգնատի Առաքելյանը բերել իր նախարարության կողմից մշակված թվով գոնե 3 ծրագիր, որոնք փոխել են հայ գյուղացու կյանքը կամ բարելավել նրանց կենցաղը, նրանց մատից փուշ հանել, նեցուկ դարձել: Ոչ մի նման օրինակ, վստահ ենք, Առաքելյանը չի կարող ներկայացնել: Է՛, եթե ո՛չ օգնում են, ո՛չ էլ կարգին, խելքը գլխին ծրագրեր մշակում, էլ ինչո՞ւ են այդ պետական գերատեսչության աշխատակիցները՝ նախարարի գլխավորությամբ, աշխատավարձ ստանում: Ի՞նչ է, միայն պետական «պադավատներից» օգտվելու համա՞ր…

Ցավոք, երկրում ամենավատ վիճակում այսօր գտնվում են հենց գյուղացիները, բայց դրա պատճառը ոչ թե մարդկանց ծուլությունը կամ  ապաշնորհությունն  է, այլ այն խաղի կանոնները, որոնք հաստատվել են, այդ թվում և՝ գյուղատնտեսության ոլորտում. հայ գյուղացին սեփական երկրում աճեցրած պտուղ-բանջարեղենն այսօր շատ ավելի դժվար է կարողանում իրացնել, քան ցանկացած այլ մեկը: Ինչո՞ւ է այդպես:Միգուցե Առաքելյանը ռազմավարական ծրագիր մշակեր ու մեզ բացատրե՞ր…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ