Թեպետ խորհրդարանում «գենդերի» հարցը կարգավորվում է նոր Ընտրական օրենսգրքով, եւ պարտադիր նորմ է, որ ամեն 4-րդ պատգամավորը կին լինի, այդուհանդերձ, կան օղակներ, որտեղ տղամարդկային հանրույթը կանանց ներս չի թողել։

 

Խոսքը հատկապես ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հանձնաժողովի մասին է, որտեղ բացառապես տղամարդիկ են՝ գեթ մեկ կին չկա։ Ասել է թե՝ պաշտպանական, անվտանգության հարցերին կանացի հոգածության, զգուշավորության, նրբանկատության կարիք չկա։ Ի դեպ, այդպես էր նաեւ նախորդ ԱԺ-ում։ Փոխարենն այստեղ աշխատելու են խորհրդարանի գեներալիտետն ու «կրուտոյները»։ Անցած ԱԺ-ում հանձնաժողովի կազմում էին ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, ԲՀԿ-ից՝ «Յուվեցի Կարոն», Աբրահամ Մանուկյանը, «Ծաղիկ Ռուբոն», Խաչատուր Քոքոբելյանը՝ «Ժառանգությունից», ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀԿ-ից՝ «Թոխմախի Մհերը», «Շմայսը», Արթուր Ստեփանյանը, ինչպես նաեւ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը։ Նախագահն էլ չի փոխվել՝ Սամվել Ալեքսանյանի փեսա Կորյուն Նահապետյանն է։ Այս անգամ հանձնաժողովի նորեկներն են Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը, Աբրահամ Մանուկյանի որդի Արթուրը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ «Ելք»-ից, ՀՅԴ-ից՝ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, ՀՀԿ-ից եւս երեք գեներալ՝ Ալիկ Սարգսյան, Միհրան Պողոսյան, Ֆելիքս Ցոլակյան։

 

Այս ամենը շատ մտահոգիչ է, հաշվի առնելով, որ երբ բարձր ամբիոններից խոսում ենք կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության մասին, իսկ առօրյա կյանքում գործի ենք դնում մեր մենթալիտետին բնորոշ հատկանիշներն, ինչի արդյունքում պաշտպանության, անվտանգության ոլորտը դառնում է տաբու կանանց համար և մոնոպոլիզացվում արական սեռի կողմից:

 

Բնականաբար, մենք չենք խոսում պաշտպանության ոլորտը ֆեմինիզացնելու մասին, սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակը հասարակության փոքր մոդելն է, իսկ այդ հասարակության մեջ անկյունաքարային դեր են խաղում հենց կանայք, հետևաբար՝ ո՞ւմ պայծառ մտքով է անցել, որ կանայք ունակ չեն այս ոլորտին վերաբերվող քննարկումներ ծավալել կամ առաջարկություններ ներկայացնել:


Կամ եթե առաջ ենք քաշում Ազգ-բանակ կոնցեպտը, մի՞թե կանայք ազգի հենասյուն չեն, որ դուրս են մղվում ոլորտից, կամ ոլորտի քաղաքական բաղկացուցչից:

 

Երբ խոսքը համակարտությունների կանխման կամ կարգավորման մասին է, կանայք և տղամարդիկ պետք է հավասար մասնակցություն ունենան, քանի որ խաղաղությունն ու կայունությունն աշխարհում կառուցված են մարդկանց ազատությունների և հավասար իրավունքների վրա:


Սխալ է ստեղծված իրավիճակում մեղադրել միայն արական սեռին, երբ երկրիդ Առաջին տիկինն է իր խոսքում նշում, որ չի հարգի այն տղամարդուն, ով պետք է լսի իր խորհուրդը: Չի բացառվում, որ մեր կին քաղաքական գործիչների մի ստվար զանգված առաջնորդվում է հենց այս նույն սկզբունքով: Արդյունքում ստեղծված իրավիճակը նորմալ է բոլոր կողմերի համար:


Հայաստանի քաղաքական մշակույթում տղամարդկանց եւ կանանց դերակատարման տարբերություններն ու առանձնահատկությունները բավականին տեսանելի  են: Կանանց բոլոր տեսակի «շարժումներն» ու ակտիվությունը հնարավոր է՝ փոքր-ինչ փոխեն կանանց դերի կարեւորումը քաղաքականության մեջ եւ մի շարք «էլիտար» բնագավառներում, սակայն, բացի սոցիալական, արտաքին խնդիրներից եւ այդ միջամտություններից, հասարակության մեջ կան որոշակի հոգեբանական լծակներ, որոնք սահմանափակում են կին թեկնածուի ընկալումը որեւէ բարձր դիրքում եւ աննպաստ մթնոլորտ ու դաշտ են ստեղծում:

 

Քաղաքականության մեջ պիտի օգտագործվեն կնոջ առանձնահատկությունները եւ փոխլրացման սկզբունքով ավելի նպաստավոր գործունեություն ծավալվի, այլ ոչ թե կինը հավասարաչափ պայքարի մեջ մտնի տղամարդու հետ՝ հաշվի առնելով նույն հատկանիշները, եւ նույն համատեքստում:


Ի՞նչ անվտանգություն և առաջընթաց ենք ունենալու առաջնորդվելով այդ հնացած մտածողության մոդելներով, այն պարագայում, երբ բազմաթիվ զարգացած երկրներում կանայք զբաղեցնում են անգամ Պաշտպանության նախարարի պաշտոնը:


Իրական արդյունքներ եւ գործունեություն կունենանք, եթե կինն իր կանացի առավելություններով հանդերձ' մրցապայքարի մեջ ոչ թե ընդօրինակի, այլ հանդես գա ուրույն դիրքորոշմամբ ու դերով: Սակայն դրա համար անհրաժեշտ է կոտրել հասարակության մեջ առկա այն անհիմն կարծրատիպը, որ ռազմական ոլորտը, պաշտպանության բնագավառը կնոջ խելքի բանը չէ:

 

Ստելլա Խաչատրյան