Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործունությանը:

Հաշվի առնելով, որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:

ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց առաևտրականների հետ, ովքեր թերահավատորեն  էին վերաբերվում քաղաքապետի խոսքերին:

«Մեզ ոչինչ չեն ասել, ոչինչից տեղյակ չենք: Այդ խոսակցություններն արդեն 20 տարի է կան, պարզապես վերջի շրջանում փոքր-ինչ շատացել են»,- ասաց Ֆիրդուսի առևտրականներից Բագրատը:

Թեև Տարոն Մարագարյանը նշել էր՝ «որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ տվյալ առևտրականներին հանում ենք այդ տարածքներից՝ փոխարենը չառաջարկելով գործունեությունը շարունակելու պայմաններ», սակայն մեր զրուցակցի փոխանցմամբ իրենք հույս չունեն, որ նման բան կլինի և համոզված են՝ իրենց կթողնեն բարձիթողի վիճակում. «Մեզ ոչ ոք առաջարկ չի արել: Եթե քանդեն Ֆիրուսի շուկան, ապա այսպես ասած ամեն մեկս մեր ճանապարհով պետք է գնանք: Եթե անգամ առաջարկեն, նոր շուկա հո չե՞ն սարքելու, առաջարկելու են այն առևտրի կենտրոնները, որոնք մենք գիտենք: Շատ մարդիկ այստեղից գնացին Երևան տոնավաճառ, տեսնելով, որ այնտեղ դատարկությունն է, առևտուր անողներ չկան, օրերով գործ չեն անում, հետ վերադարձան: Եթե փակվի Ֆիրդուսի տոնավաճառը, մարդիկ գնան ուրիշ շուկաներ ու հացին կակա՞ ասեն, իմաստը ո՞րն է», - իր մտահոգությունն արտահայտեց առևտրականը: