Հայաստանում մոլեգնող աղքատության մասին շատերը շշուկներց չէ, որ տեղյակ են. դա շատերի կենսակերպն է, որից, ցավոք, ոչ մի կերպ Հայաստանն ու դրա հանրությունը չի կարողանում ազատվել: «World Life Expectancy» կայքը, որը Երկիր մոլորակի բնակչության կյանքի տևողության և մահացության վրա ազդող հիմնական գործոնների ու հիվանդությունների վերաբերյալ վիճակագրական քարտեզներ է պատրաստում ու պարբերաբար հրապարակում, ներկայացրել էր քաղցկեղային հիվանդություններից մահացության ցուցանիշը աշխարհի 172 երկրներում, որից պարզ էր դարձել, որ Հայաստանի հանրապետությունն այդ ցուցակում իրենից հետ է թողել բոլոր երկրներին՝ հայտնվելով առաջին հորիզոնականում. Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչից 230-ը մահանում է օնկոլոգիական հիվանդություններից, ինչն աշխարհի մակարդակով բացարձակ ռեկորդ է:

Թե ինչի արդյունք կարող է սա լինել, պարզ է դառնում մասնագետների բացատրություններից. քաղցկեղային հիվանդությունների աճը պայմանավորված է ծխախոտի ազդեցությամբ, ֆիզիկական թերակտիվությամբ, ճարպակալմամբ, սխալ սննդակարգով: Բացասական գործոններից են նաև վտանգավոր սնունդն ու ջուրը, որոնց մեջ մետաղների և թունավոր նյութերի զգալի բարձր քանակությունը տարբեր հիվանդությունների պատճառ  են դառնում: Բայց որպես հիմնական պատճառ նույն այդ մասնագետները նշում են հատկապես բժիշկների կողմից դրանց ուշ փուլում հայտնաբերելու հանգամանքը. քաղաքացիները, զուրկ լինելով անհրաժեշտ նյութական միջոցներից, խուսափելով ավելորդ անգամ հիվանդանոցներում «փողաքամ» լինելուց, ժամանակին չեն ստուգվում և հիվանդությունը վաղ փուլում չի ախտորոշվում. Հայաստանում քաղցկեղով հիվանդների մոտ 60-62%-ն ախտորոշվում է 3-րդ կամ 4-րդ փուլում, ինչը դժվարացնում կամ անհնար է դարձնում բուժումը: Ասել կուզի՝ հիմնական խնդիրը մարդկանց անվճարունակությունն է:

Սա, թերևս, լավագույն փաստարկն է այն մասին, որ Հայաստանում առողջապահական ծառայություններից օգտվելն ու որակյալ բուժօգնություն ստանալը շարունակում է կապված մնալ աստղաբաշխական թվերի հետ՝ գումարների, որոնք ուղղակի մարդիկ չունեն: Ու որքան էլ Լևոն Ալթունյանը, ժողովրդի հանդեպ «սրտացավությունից» ելնելով, կողմ լինի ասենք ծխախոտի գների չարդարացված բարձրացմանը, փաստ է, որ դրանից հարցը չի լուծվելու. նորմալ ու,ամենակարևորը, մատչելի բուժօգնություն է պետք տրամադրել բնակչությանը՝ հաշվի առնելով այն ռեալները, որոնք բնորոշ են աղքատ Հայաստանին. ա՛յ այս ուղղությամբ ավելի լավ է մտածեն, այլ ոչ թե բիզնեսի…

 Դավիթ ԲԱԲԱՆՈՎ