Օրերս Կարեն Կարապետյանը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ կառավարության նոր ծրագրում ներկայացվելու են տնտեսության, բիզնեսի զարգացման համար ներուժ ունեցող այն գերակա ոլորտները, որոնց վարկավորման տոկոսների մի մասը սուբսիդավորվելու է պետության կողմից:

Վարչապետն անգամ նշել է սուբսիդավորվելիք ոլորտները. գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, կաշվի վերամշակում, կոշիկի արտադրություն, գորգագործություն, ինչպես նաև`արտահանում: Բանկիրների հետ հանդիպմանը ներկայացրած մոտեցումները, առաջին հայացքից լինելով անգամ հասցեական, միաժամանակ բավականին անորոշ են, հակասական, նույնիսկ անտրամաբանական և դժվար է ասել՝ դա չիմացության արդյունք է, թե միտումնավոր է արվում: Նրա այդ ելույթից հետևում է, որ Կառավարության նոր ծրագրով տնտեսության գերակա ոլորտներն են գյուղանտեսությունը, թեթև արդյունաբերությունը և արտահանումը: Ինչը, բնականաբար, այդպես չէ: Մի կողմից. արտահանում ասվածը խիստ ընդգրկուն է. հանքահումքն էլ է արտահանվում, թարմ գյումթերքն էլ, դրսից ներկրած կոնյակի սպիրտն էլ: Վարչապետի խոսքն այդ առումով շատ ընդհանրական է:Ինչ վերաբերվում է գյուղատնտեսությանը, զարգացման ռազմավարությունը չի երևում , մինչ օրս չի հստակեցվել, թե որոնք ենք այս ոլորտի առանցքային ճյուղերը, որոնց զարգացումն ապահովելու է ամբողջ գյուղատնտեսության զարգացումը:

Ինչու՞ է վարչապետը բարձրացնում այս հարցը այն էլ՝ հիմա: Գաղտնիք չէ, որ տնտեսության մյուս բոլոր ճյուղերը «էլիտայի» մեջ բազմիցս բաժանվել ու վերաբաժանվել են: Դրանցում հաստատվելը գործնականում գրեթե անհնարին է:  Եղած փոքրիշատե ազատ դաշտն այստեղ է: Հետևաբար, վարչապետի շրջապատի նորաստեղծ ներդրողների ակումբի անդամներն ու «չանդամները» ինչ որ տեղ պետք է ներդրումներ անեն: Վարչապետը դաշտ է նախապատրաստում: Որոշ ժամանակից էլ պարզ կլինի, թե ովքեր են «գերակա ոլորտների ցածր տոկոսադրույքների տերերը»:

Այս շաբաթ վարչապետը խոստացավ, որ շուտով հանրությանը կիրազեկեն, թե ներդրումների ինչ պատկեր կա այսօր, նաև վստահեցրեց, որ իրենց խոստացած թիվը կապահովեն: Կսպասենք թվերին, սակայն Կառավարությանը պետք է հորդորել, որ թվերին զուգահեռ ներկայացվեն նաև կապիտալի արտահոսքի տվյալները:Այս երկու թվերի համեմատությունից պարզ կդառնա՝ ավելի շատ ներդրո՞ւմ, թե՞ կապիտալի արտահոսք է եղել երկրից, կոպիտ ասած, «ջուրը բերել, ջուրը տարե՞լ է»: Որ բերված գումարները ոչ միայն նպատակին ծառայեն, այլև մնան շրջանառության մեջ, հարկավոր է նախ կապիտալի արտահոսքը կանգնեցնել: Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի նախկին վարչապետներն այս առումով չեն հաջողել, կապիտալի արտահոսքը ոչ թե նվազել է, այլ ավելացել, և Կարեն Կարապետյանը տնտեսությունը զարգացնելու համար կապիտալի արտահոսքի դեմ պայքարի հանձնաժողով էլ պետք է ստեղծի:

Ստելլա Խաչատրյան