ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը, որտեղ քննարկվելու է կառավարության ծրագիրը: Ինքնին հասկանալի է, որ խնդիրը հարցի ֆորմալ կողմը չէ և ոչ էլ այն, թե ինչ բովանդակություն ունի ներկայացված փաստաթուղթը: Ֆորմալ առումով՝ կառավարությունն անհանգստանալու խնդիր չունի, որովհետև անկախ ծրագրի որակից` արդեն ստացել է խորհրդարանական կոալիցիայի երկու կուսակցությունների աջակցության հավաստիացումը: Սակայն դա ոչինչ չի նշանակում կամ շատ քիչ նշանակություն ունի քաղաքական այն իրավիճակում, երբ քննարկվում է կառավարության ծրագիրը :

Այս քննարկման ընթացքում ուշագրավ դրվագ արձանագրվեց, որը խորքային դիտարկման պարագայում կարող է լույս սփռել 2018-ին ընդառաջ ներիշխանական պայքարի և դասավորումների վրա: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ այնպիսի տպավորություն էթե խորհրդարանի մեծամասնությունն արդեն սկսում է Սերժ Սարգսյանին համոզել, որ նա փոխի իր մտադրությունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում: «Ես ուզում եմ հասկանալ՝ դուք այդ չակերտավոր համոզողների թվո՞ւմ եք, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես, կհամաձայնվե՞ք արդյոք 2018 թվականի կառավարությունում լինել փոխվարչապետ կամ որևէ նախարար»,- ասաց Փաշինյանը: «Հասկանո՞ւմ եք, այս հարցը մի քիչ էլ կոռեկտության դաշտի մեջ է, դրա համար ուզում եմ ճիշտ հասկացված լինել: Ես չեմ ուզում դա պնդել, որովետև հենց դա պնդում ես, միանգամից դառնում ես քննադատության թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ, այս պատասխանը բավարա՞ր է: Երկրորդ, համոզողների մեջ ես կա՞մ: Ես չգիտեմ՝ համոզողներ կան, թե ոչ, ես համոզողների մեջ չկամ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ինչպես հիշում ենք, Կարապետյանը Ավստրիայի հանրային ռադիոյին ամիսներ առաջ տված հարցազրույցում նույնպես նման միտք է հնչեցրել: Նա ասել է, թե «երբեք չի երազել վարչապետ լինել» և իր «այսօրվա պատրաստակամությունը ոչ թե իշխանության ձգտում է, այլ «երկրում շատ բան փոխելու ցանկություն»: Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ լրագրողների հարցին՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ պատրաստվում եք հրաժարական տալ, պատասխանեց՝ ո՛չ, ճիշտ չեն:

Թեև Կարապետյանը չի հստակեցնում՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո երկրի առաջին պաշտոնյան դառնալը միայն ի՞ր ցանկությունն է, թե՞ դա համաձայնեցված է պաշտոնական արդյունքներով խորհրդարանում մեծամասնություն ստացած Հանրապետականի հետ, այնուամենայնիվ այսօր ԱԺ նիստերի դահլիճում Կարապետյանը հստակ մեսիջ հղեց նախագահ Սարգսյանին՝ հենց այնպես նա իր դիրքերը զիջել չի պատրաստվում: Կարեն Կարապետյանը չափից դուրս հստակ հայտնեց իր դիրքորոշումը, թեև կոռեկտ, սակայն շատ վստահ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ 2018-ին ընդառաջ ներիշխանական պայքարը նոր թափ է ստանալու: Այդպիսով, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիրքային պայքարը շարունակվում է և մտնում նոր փուլ, ինչը նաև տրամաբանական է մեծ հաշվով: Բանն այն է, որ իշխանությունը միշտ էլ ենթադրում է պայքար, անկախ այն ամենից՝ խոսքը սահմանադրական, թե հակասահմանադրական մեխանիզմներով ձևավորվող իշխանության մասին է: Նա գուցե նախագահին հասկացնում է, որ այն մարդը չէ, ում գլխի տակ կարելի է «փափուկ բարձ» դնել: Ընդ որում, այս հայտարարությունը բնավ չի ենթադրում, որ Կարեն Կարապետյանը դիրքային առավելություն է ստանում Սերժ Սարգսյանի նկատմամբ: Պարզապես՝ նա ձգտում է Սերժ Սարգսյանին զրկել մանևրելու հնարավորությունից: Բայց չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը հմուտ ապարատային խաղացող է ու վարչապետի ճանապարհն «ականապատել» է կոալիցիոն դաշնակներով, «ընդդիմադիր» «Ծառուկյան» դաշինքով՝ այն դեպքի համար, եթե գործող վարչապետը որոշի մենեջերին ոչ հատուկ ամբիցիաներ դրսևորել, ինչին կարծես այսօր ականատես եղանք: Հանրային կարծիքը նույնպես շատ հեշտ է մանիպուլացնել: «Նոր ոգին» հաշված շաբաթներում կարող է դառնալ «չար ոգի», մանավանդ՝ նախևառաջ կառավարությունն է պատասխանատու մարդկանց թշվառության, չարքաշ կյանքի համար:

 

Ստելլա Խաչատրյան