Շատերը ՀՀ կառավարության 2017-22 թվականների ծրագիրը «Հայաստանի փրկության ծրագիր» են կոչում՝ համարելով այն հավասարակշռված, հավակնոտ, ազգն ու պետությունը դեպի պայծառ ապագա առաջնորդող ծրագիր: Այս տեսակետը հատկապես տարածված է իշխանական թևը ներկայացնող քաղաքական գործիչների շրջանում, ովքեր առիթը բաց չեն թողնում՝ նշելու այն առավելություններն ու հեռանկարները, որ իբր՝ պարունակում է իր մեջ համապատասխան փաստաթուղթը:

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով նախարարության կատարած աշխատանքները, ծախսած միջոցներն արտաքին և ներքին պարտքի վերաբերյալ վիճակագրությունը, մի խիստ հակասական հայտարարությամբ էր հանդես եկել. Արամյանը հայտարարել էր, թե Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր գրավականը պարտք վերցնելն է: «Մենք շարունակելու ենք պարտք վերցնել, մենք պետք է պարտք վերցնենք, որ տնտեսությունը զարգանա»,-համոզված տոնով ի լուր բոլորի հայտարարել էր նախարարը:

Մի հայտնի ժողովրդական ասացվածք կա: Ասում է՝ ուրիշի չվանին ցախ դնել չի լինի: Տեսնես Արամյանը երբևիցե լսե՞լ է այս իմաստուն խոսքը: Ենթադրելի է՝ այո, քանի որ սա ճշմարտություն է, որի մասին տեղյակ են անգամ   դպրոցահասակ երեխաները: Հետևաբար, հարց՝ ինչպե՞ս  է Հայաստանի կառավարությունը պատրաստվում ի կատար ածել յուր 2017-22 թվականների «հավակնոտ» ծրագիրն այն պարագայում, երբ այդ կառավարության տնտեսության զարգացման համար գլխավոր պատասխանատուներից մեկը նման միտք է արտահայտում, որն, անկասկած, միայն իր սեփականությունը չէ ու լիովին բխում է Կառավարության կողմից վարվող քաղաքականության ընդհանուր տրամաբանությունից: Փաստորեն՝ փոխարենը, ասենք, ստվերը կրճատելու, հայրենի Ազգային ժողովում փառահեղորեն բազմածներից ոմանց հարկային դաշտ բերելու, բիզնես միջավայրը բարելավելու, հարկերը կրճատելու ու էլի նմանատիպ բաներ ձեռնարկելու ու այդ ճանապարհով տնտեսությունը զարգացնելու՝ Արամյանն ու նրա պես մտածողները որոշել են պարտք վերցնել: Լա՛վ, ասենք՝ մի 10 միլիարդ էլ պարտք վերցրեցինք համաշխարհային ֆինանսական կազմակերպություններից, որոնք, ի դեպ, այլ բան չեն, քան աշխարհի կառավարման յուրատեսակ գործիքներ, ինչի՞ եք հասնելու, մեր վերջն ի՞նչ է  լինելու, ո՞վ է այդ միլիարդների բեռի տակից դուրս գալու:

Փաստորեն՝ փոխարենը կուտակած պարտքը փակելու, որը վաղուց է գերազանցել թույլատրելիի շեմը, մարդիկ նոր պարտքեր վերցնելով տնտեսություն զարգացնելու նպատակներ ունեն...Հետո էլ արի ու դավադրության տեսություններին մի հավատա. դավադրություն չէ, ի՞նչ է...

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ