Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդիպել է Արարատի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև մարզերից դեպի Երևան հիվանդների հոսքը կրճատելու անհրաժեշտությունը: «Մայրաքաղաքին մոտ մարզերից սովորաբար ավելի շատ հիվանդներ են դիմում Երևանի բժշկական կենտրոններ։ Դուք ավելի մեծ ջանքեր պիտի գործադրեք, որպեսզի այդ հոսքը հնարավորինս կրճատվի»,-ասել է նախարար Ալթունյանը։
 
Գաղտնիք չէ, որ մարզերի բնակիչներն այնքան էլ չեն վստահում մարզային բուժկենտրոններին ու մի տեսակ թերահավատորեն են մոտենում: Բավական լուրջ միջոցներ ենք օգտագործում` մարզերում միջոցների զարգացման համար, բայց առայժմ այդ արդյունքը շոշափելի չէ: Եթե տեխնիկապես ենք զինում մարզային հիվանդանոցները, ապա «կաղում է» բժիշկների որակը, և հիվանդը բուժսպասարկում չի կարողանում ստանալ և կրկին ստիպված է գալ Երևան: Մարզերում բնակվող ծննդկանների համար անգամ Երեւանի հիվանդանոցները վճարովի դարձրին, որպեսզի մարզերիբժիշկներն անգործ չնստեն, սակայն մարզերից շարունակվում է բոլոր կարգի հիվանդների արտահոսքը Երեւան: Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն` մարզերի հղիների 1/3-ը նախընտրում է բուժօգնություն ստանալ Երեւանում: Մարզային հիվանդանոցներում ուսուցողական դասընթացներ են անցկացվել եւ հստակ սահմանվել են այն դեպքերը, երբ հղին պետք է անպայման ծննդալուծվի Երեւանում, այսինքն` բարդ դեպքերի ժամանակ: Բայց… Եվ միանգամայն հասկանալի է: Կա անհրաժեշտ տեխնիկա, չկան մասնագետներ, եւ ցանկացած պարագայում հիվանդները գերադասում են Երեւանում բուժում ստանալ: Հայաստանի բնակչության մոտ կեսն ապրում է մարզերում եւ նրանց գերակշիռ մասը հիվանդանալու պարագայում ստիպված է հասնել Երեւան, քանի որ մարզերում, արդեն նշած պատճառներով, բուժում ստանալն անհնար է:
 
Իհարկե, Երեւանում եւս կա անգրագետ բժիշկների ավելցուկ. հիվանդանոցներում բազմաթիվ են երիտասարդ կադրերը, ովքեր եկել են սերնդափոխություն իրականացնելու եւ նրանց մեծամասնության հետ առաջին շփումից ներքին որոշում ես ունենում, որ երբեք նրանց մոտ բուժում չես ստանա: Սա աղետալի իրողություն է: Հստակ է, որ բժիշկը, գոնե, պետք է ոչ փողով, ոչ էլ ծանոթով ավարտած լինի, քանի որ նրա ձեռքի տակ է մարդկային կյանքը: Մարզերում հատկապես «բժշկական սխալ» արտահայտությունն արդիական է, քանի որ նման բաներ լինում են հաճախ, եւ սա խնդիր է, որ պետք է լինի Առողջապահության նախարարի անմիջական ուշադրության կենտրոնում: Հայաստանի բոլոր հագեցած կլինիկաները Երեւանում են, մարզերում հիվանդանոցներ կան, որտեղ համապատասխան մասնագետներ էլ չունեն. դա լրջագույն խնդիր է, որն անհապաղ լուծման կարիք ունի: Ոչ մի բարձրակարգ մասնագետ 20-30 հազար դրամով մարզեր չի գնա ու այնտեղ չի աշխատի: Իսկ դա նշանակում է, որ մարզերի երիտասարդ բժիշկների սոցիալ-կենցաղային հարցերն անհապաղ պետք է լուծվեն, որպեսզի լավ մասնագետները շահագրգռվեն ու գնան մարզեր:
 
Ստելլա Խաչատրյան