Ինչպես գիտենք, «Ելք» խմբակցությունը նախաձեռնությամբ է հանդես եկել, ըստ որի, Երևանում հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անունները կրող փողոցները առաջարկում է վերանվանել ազգային հերոսների անուններով։ Առաջարկվում է Երևանի Լենինգրադյան փողոցն անվանակոչել արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով և այլն:

Ըստ Էդուարդ Շարմազանովի ՝«Ելք» խմբակցության այս նախաձեռնությունը՝ բոլորին նույն սանրով սանրելը, ճիշտ չէ: ԱԺ փոխնախագահը ևս մի ուշագրավ  հայտարարություն է արել՝ ՀՅԴ-ն էլ է տեռոր արել, հիմա ի՞նչ: Անշուշտ, ԱԺ փոխնախագահը ցանկության դեպքում կարող էր մեկ այլ օրինակ բերել, և ավելի լոյալ գտնվել կոալիցիոն գործընկերոջ հանդեպ: Սակայն արդյո՞ք ՀՀԿ ցանկություն ունի դրսևորելու այդ լոյալությունը: Ավելի հավանական է, որ իշխող կուսակցությունը որդեգրել է բլիթի և մտրակի քաղաքականությունն՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ հարաբերություններում: Շարմազանովի ուշագրավ տողատակերով հայտարարությունը հենց մտրակի դրսևորումն էր: Դաշնակցությունն, իհարկե, ձգտելու է պահպանել իր տեղը կոալիցիոն կառավարությունում նաև 2018-ից հետո:

Քիչ հավանական է, որ ՀՀԿ-ն հրաժարվի իր բարի կամքի դրսևորումներից և միանձնյա ստանձնի իշխանությունը: Ակնհայտ է, որ իշխանության սիմվոլիկ մասը հանրապետականները կրկին կշնորհեն կոալիցիոն գործընկերներին, միևնույն ժամանակ ՀՅԴ-ն  լուրջ մտավախություններ ունի, որ այդ կոալիցիոն գործընկերոջ դերում կարող է հանդես գալ ոչ թե ինքը, այլ շատ ավելի խոշոր խաղացող:

Հանրապետականն իր հերթին առիթը բաց չի թողնի կրտսեր գործընկերոջն իր տեղը ցույց տալու համար, այդ թվում՝ անցյալը նրա դիմաց դնելու միջոցով:

Իրականում, Շարմազանովն իր այդ հայտարարությամբ սլաքը ուղղեց հենց Դաշնակցության վրա, ակնարկելով, որ նրանք էլ սուրբ չեն, սակայն հանրապետականը մեծահոգաբար և բարի կամք դրսևորելով թույլ է տվել մոտենալ իշխանական կերակրամանին:

ՀՀԿ-ի բարի կամքը՝ կազմել կոալիցիոն կառավարում ՀՅԴ-ի հետ բացատրվում է երկու հանգամանքով. ՀՀԿ-ն ցույց է տալիս, որ չնայած միանձնյա կառավարման հնարավորությանը՝ բարի կամք կա քաղաքական ուժերի հետ համագործակցության:

Մյուս կողմից՝ կոալիցիոն կառավարումը նաեւ պատասխանատվություն է, եւ, իհարկե, վատ չի լինի, որ երկրի քաղաքական, տնտեսական կյանքի համար ՀՀԿ-ից բացի ես մեկ քաղաքական ուժ պատասխանատվություն ստանձնի: Մեկ կարևոր հանգամանք ևս. թե՛ կոալիցիոն, թե՛ միանձնյա կառավարման տարբերությունը մեծ չէ այնքանով, որ որոշումները միանձնյա են լինելու:

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ ՀՅԴ-ի հետ քաղաքական գործընկերությունն օգնում է ՀՀԿ-ին ջերմ պահել հարաբերությունները նաև սփյուռքի հետ, հատկապես այս փուլում, երբ սփյուռքում կա մեծ անվստահություն գործող իշխանության հանդեպ:

ՀՅԴ-ն կարող է հայտնվել ՀՀԿ-ի կցորդը դառնալու և այդպիսով հանրային վստահության ունեցած ռեսուրսը փոշիացնելու վտանգի առջև, եթե չհասնի նրան, որ համագործակցության դեպքում վերանայվեն ԱԺ մեծամասնությունում որոշումների կայացման և գործադրման գործող ավանդույթները:

Խնդիրն այն է, որ կոալիցիոն հուշագրում ամրագրված է, որ հայեցակարգային և ռազմավարական նշանակության նախագծերի շուրջ պետք է քննարկումների միջոցով ձևավորվի միասնական դիրքորոշում, իսկ որպես դրա ձևաչափ՝ պետք է ձևավորվի «համագործակցության խորհուրդ»:

Հուշագրի այս կետը, փաստացի, չի գործել: Եթե հիմա ՀՅԴ-ն կարողանա հասնել նրան, որ որոշումները ոչ թե Մելիք-Ադամյան փողոցի ՀՀԿ գրասենյակում կայացվեն, այլ այս խորհրդում, ապա կարող է հավակնել այսպես կոչված «ներքին ընդդիմության» կարգավիճակին և գործնականացնել իր հռչակած՝ «փոփոխություններ ներսից» գաղափարը:

Բայց, անկասկած, այս պահին Դաշնակցությունը չունի նման քայլի դիմելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ներքին ռեսուրս: Բացի այդ էլ կոալիցիոն գործընկերը առիթը բաց չի թողնում մեկ անգամ ևս հիշեցնել, թե ո՞վ է քաղաքական դաշտում որոշողը:

Ստելլա Խաչատրյան