Պատերազմը կատակ բան չէ, քանի որ մարդիկ հանուն ինչ-որ նպատակների պատրաստ են սպանել մյուսներին: Պատմության մեջ քիչ չեն եղել այնպիսի պատերազմները, որոնք ավելի քիչ սարսափելի, բայց ավելի շատ տարօրինակ են եղել: Անգամ պատերազմների մեջ կարելի է հումորի նշույլներ գտնել:

Պատերազմ երևակայական թշնամու դեմ

Ռոբ Հաբբարդը այն գիտության հիմնադիրն է համարվում, որը կոչվում է սայենտոլոգիա: Սակայն նա նաև մի դեպքի մասնակից է, որը տեղի է ունեցել 1943 թ. մայիսին: Պատերազմ էր, Հաբբարդը նավն էր ղեկավարում, որը դուրս էր եկել սուզանավերի որսի: Մայիսի 19-ին Հաբբարդն ինչ-որ բան նկատեց՝ կարծելով, թե դա ճապոնացիների սուզանավ է: Փնտրտուքների և կռվի համար նրան կից շարժվում էին նաև ամերիկյան երկու դիրիժաբլ: Մայիսի 21-ի կեսգիշերին արդեն մի ամբողջ նավատորմ էր ընկել ճապոնացիների հետևից, որոնց բռնել չէր հաջողվում: Բոլոր նավերն իրար հետ հարյուրից ավելի ծովային ռումբեր արձակեցին: Որոնումը շարունակվեց ավելի քան 68 ժամ, իսկ հակառակորդը պարտության կամ նահանջի նշաններ չէր տալիս, չէր երևում: Արդյունքում հրամանատարությունը հրավիրեց հետ վերադառնալ Հաբբարդին և դադարեցնել անիմաստ պայքարը: Ըստ տվյալների՝ անհաջողակ ծովագնացն ամբողջ ընթացքում ընդամենը պայքարել է քարտեզների վրա հստակորեն նշված ու բավական հայտնի մագնիսական դաշտի դեմ, իսկ ոչ մի ճապոնական սուզանավ էլ գոյություն չի ունեցել: Հաբբարդի գործունեությունը սկանդալի բերեց, քանի որ ընթացքում նա հարձակում էր գործել Մեքսիկային պատկանող ծովափի վրա:

 

Երկնաքար՝ պատերազմի դաշտում

Մ.թ.ա. 76-63 թվականներին ընթանում էր Միհրդատյան երրորդ պատերազմը: Հռոմի զինված ուժերը ղեկավարում էր փորձառու գեներալ Լուկուլլոսը: Նա որոշեց Պոնտական թագավորության վրա հարձակվել, քանի որ կարծում էր, թե այդ ժամանակ պաշտպանների բանակը տեղում չէր: Սակայն նա հասկացավ, որ սխալ հաշվարկ է արել, երբ հանդիպեց Միհրդատ Եվպատորի զորքին: Երկու զորքերը պատրաստվում էին հարձակման, երբ երկնքում անսպասելիորեն երկնաքար երևաց: Հրե գունդը հարվածեց գետնին՝ ուղիղ երկու զորքերի մեջտեղում: Այն ժամանակների ձեռագրերն ասում են, որ երկու բանակներն էլ հաջողեցրին դուրս գալ պատերազմի դաշտից՝ վախենալով իրենց աստվածների բարկությունից: Այդպիսով՝ գետնի վրա մնաց միայն երկնքից իջած «հյուրը»: Որոշ ժամանակ անց Լուկուլլոսին, միևնույն է, հաջողվեց գրավել Պոնտոսը: Սակայն Հայաստանի վրա անհաջող հարձակումից հետո գեներալին Սենատը հեռացրեց պաշտոնից:

 

Պատերազմ զուգարանային դադարի պատճառով

Տարօրինակ մի դեպք էլ գրանցվել է Մարկո Պոլո կամրջի վրա 1937 թ. հուլիսի 7-ին: Պատերազմական գործողություններն այնտեղ տևել են ընդամենը երկու օր: Այս կամուրջը գտնվում է Պեկինում, և այն ժամանակ դրանով էր անցնում Չինաստանի և ագրեսիվորեն տրամադրված Ճապոնական կայսրության միջև: Երկու երկրների միջև լարվածություն կար, իսկ բուֆերային գոտում երկու կողմերի զորքեր կային տեղակայված, որոնք սպասում էին կրակ արձակելու հրամանին: Հուլիսի 7-ի գիշերը ճապոնացիները գիշերային զորավարժություններ սկսեցին, որի արդյունքում կրակոցներ սկսվեցին: Իսկ այն բանից հետո, երբ կրակոցները դադարեցին, նկատեցին, որ ճապոնական բանակի զինվոր Շիմուրա Կիկուշիրոն իր դիրքին չի վերադարձել: Եվ չնայած որ չինացիները թույլատրեցին որոնողական աշխատանքներ սկսել, հակառակորդները, միևնույն է, պնդում էին, որ չինացիներն են զինվորին գերի վերցրել: Սա առիթ էր այն բանի, որ ճապոնացիները միանգամից հարձակում գործեն Չինաստանի դիրքերի վրա: Կռիվը սկսվեց հուլիսի 8-ի վաղ առավոտյան: Երկու կողմերն էլ մեծ թվով զոհեր ունեցան: Այս մարտը սկիզբ հանդիսացավ երկրորդ Ճապոնա-չինական պատերազմի սկսման, որն էլ իր հերթին մասը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի: Իսկ զինվոր Շիմուրան գտնվեց հենց նույն օրը: Նա իր դիրքին վերադարձավ՝ հիմնավորելով իր բացակայությունը զուգարան գնալով: Երիտասարդ ճապոնացին ուղղակի մոլորվել էր, քանի որ զուգարանը բավականին հեռու էր գտնվում զինվորական դիրքերից:

 

Թշնամու հիմարեցում

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին աշխարհի տարբեր անկյուններում էին կռիվներ ընթանում: Այն բանից հետո, երբ թուրքերը հարձակվեցին Անգլիայի գաղութի վրա, հպարտ կղզիականները 1917 թ. նոյեմբերի 5-ին պատասխան հարված հասցրին Օսմանյան կայսրությանը: Թուրքերը տեղափոխվեցին Շերիա, որը գտնվում էր Գազայի հարավում: Անգլիացի հետախույզ Ռիչարդ Մայներցհագենը մտածում էր՝ ինչպես հիմարեցնել թշնամուն: Ամրանալով մի ամրոցում՝ ինքնաթիռից նրանք սկսեցին քարոզչական գրառումներով թղթիկներ ու ծխախոտներ գցել ներքև, իսկ թուրքերը պատկերացնել անգամ չէին կարող, որ տաբակի փոխարեն խորամանկ անգլիացիները օփիում էին ներքև նետում: Երկար սպասված ժամանակը եկավ, և թուրքերը սկսեցին ծխելով տարվել՝ կախվածություն ձեռք բերելով: Հաջորդ օրը անգլիացիների կազմակերպած հարձակումը պաշտպանության գրեթե չարժանացավ. թուրքերը երազների մեջ էին, նրանք չէին էլ հիշում պատերազմի մասին: Պաշտպանները հազիվ էին ոտքի վրա կանգնում, ուր էր, թե կարողանային պատասխան կրակոցներ թողնել:

 

Կույր արքայի մարտը

1346 թ. օգոստոսի 6-ին Ֆրանսիայի Կրեսի քաղաքի շրջակայքում բախվեցին տեղի զորքերն ու Անգլիայի և Ուելսի միացյալ զորքերը: Այս մարտում ներկա էր նաև թագավոր Բոհեմին Ջոնը, ով ֆրանսիացիների կողմից էր հանդես գալիս: Նա միայնակ գլխավորում էր ասպախումբը: Սակայն բանն այն է, որ դեռ 1340 թվականին Խաչակրաց արշավանքներից մեկի ժամանակ Ջոնը կորցրել էր իր տեսողությունը: Սակայն կյանքի մեծ մասը որպես մարտիկ անցկացրած արքան որոշեց անտեսել իր այդ թերությունը: Երբ զորքերն անցան ձեռնամարտի, մի պահ պարզ դարձավ, որ անգլիացիները կհաղթեն: Բանն այն էր, որ նրանց հսկայական աղեղներից դուրս եկող հարվածները էֆեկտիվորեն էին ազդում ֆրանսիացի վարձկանների վրա, սակայն Ջոնը չէր կարողանում համաձայնել, որ նահանջել է պետք: Նրա ասպետներն էլ այնքան էին խառնվել իրար, որ չէին էլ կարողանում համոզել իրենց արքային: Արդյունքում նահանջելու փոխարեն նրանք հարձակում գործեցին: Ջոնը սկզբից էր ընթանում, իսկ նրա ձիու սանձը պահում էին երկու հավատարիմ ասպետներ: Վերջիններս զրկվեցին կյանքից, երբ նրանց կույր արքան պատահաբար սուրը խրեց մարմինների մեջ: Այսպիսի հարձակման արդյունքը պետք է որ պարզ լիներ. անմիտ հերոսները զոհվեցին: