Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին այսօր ելույթ ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ելույթից հետո վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին:

Վարչապետը նշեց, որ սփյուռքահայեր կան, որոնք գալիս են Հայաստան և Կառավարությունից սպասում են այն, ինչն այլ երկրում չեն կարողանում ձեռք բերել. «Իրենք այլ երկրում չեն էլ երազում, որ այսպիսի ընդունելություն կամ պայմաններ կլինեն: Բայց այն, որ մենք ռեգուլյար պետք է աշխատենք, որ անվստահության ոլորտը, եթե այդպիսին կա, փոխենք, դա փաստ է: Պետք է դրա վրա աշխատել»,-ասաց վարչապետն՝  անդրադառնալով սփյուռքահայ Զարեհ Պալյանի հայտարարությանն, ըստ որի, նրա չորս բիզնեսներն էլ Հայաստանում թալանել են:

«Ես չգիտեմ: Եթե ինքը տա մեզ փաստեր, մենք շատ հետեւողական այդ ուղղությամբ գնալու ենք, որովհետեւ մենք չենք կարողանալու տնտեսությունը զարգացնենք, եթե սեփականության նկատմամբ վստահություն չունենք, բիզնես կանոնի նկատմամբ վստահություն չունենք, հավասար խաղի կանոնների վրա վստահություն չունենք, այդ իսկ պատճառով՝ ես շատ բաց եմ: Ավելին՝ մենք հստակ հայտարարել ենք՝ իմ աշխատակազմի, խորհրդականների համարները, հասցեները, էլեկտրոնային հասցեները կան, թող տրամադրի ինֆորմացիան, մենք կարձագանքենք»: