ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ էր բացել 64-ամյա Սթիվեն Պադոկը: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Պադոկն ապրում էր Լաս Վեգասի շրջանում եւ հայտնի չէր ոստիկանությանը: Ներկայում նա սպանված է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լաս Վեգասի իրավապահ մարմիններին հայտնի է հյուրանոցի պատուհանից կրակ բացած տղամարդու ինքնությունը, եւ նրանք փնտրում են հանցագործին ուղեկցող կնոջը՝ Մերիլ Դենլի անվամբ: 
Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 50 մարդ է զոհվել եւ ավելի քան 200-ը՝ վիրավորվել հրաձգության ընթացքում, որը տեղի է ունեցել Լաս Վեգասի ծառուղու շրջանում, որտեղ այդ պահին համերգ էր ընթանում: 

Ոստիկանության տվյալների համաձայն, կասկածյալը բաց երկնքի ներքո կազմակերպված համերգի այցելուների վրա կրակ էր բացել Մանդալայ-Բեյ ժամանցային համալիրի հյուրանոցի 32-րդ հարկի պատուհանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: