Հայաստանում համակարգային, պետական մակարդակով ոչ միայն մինչ օրս չի տրվել լուծում աղբի վերամշակման խնդրին, այլև նորնորանոր վարկեր են տրամադրվում Հայաստանին «ավանդական» աղբավայր կառուցելու համար: 2015թ. հուլիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաև Եվրոպական ներդրումային բանկը և ևս 8 միլիոն եվրո էլ՝ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի կողմից՝ գրանտի տեսքով:
 
Մեր երկիրը ծածկված է անվերահսկելի աղբավայրերով. մոտենում ենք քաղաքին՝ դիմավորում է աղբավայրով, քաղաքից դուրս ենք գալիս՝ ցտեսություն է ասում դարձյալ աղբավայրով; Եվ թերևս մենք միակն երկիրն ենք, որն ավելացնում է իր պետական պարտքը ոչ թե աղբի վերամշակման գործարան, այլ նոր աղբավայր կառուցելու նպատակով: Վերամշակման գործարան ունենալու մեր միակ հնարավորությունը կորցրել ենք դեռևս 2009 թվականին, երբ հրաժարվեցինք այս ոլորտում ճապոնական ընկերության ներդրումային շահավետ առաջարկից: Այդ ծրագրով ոչ միայն բնապահպանական լուծում կտրվեր գազի արտանետումներին, քանի որ դրանց ծավալը կկրճատվեր 21 անգամ, այլև Հայաստանը կունենար սեփական վերականգվող հումքից էլեկտրաէներգիա, չհաշված՝ տարեկան 550 հազար ԱՄՆ դոլար եկամուտը և տեղադրված համակարգը կառուցումից հետո անհատույց Երևանի քաղաքապետարանին փոխանցելը: Հայկական կողմը, միայն իրեն հայտնի պատճառներով, մերժեց այդ առաջարկը և հիմա կրկին ապավինում է վարկերին: Ի դեպ, Երեւանի ավագանու ՀՀԿ-ի ծրագրով՝ դեռ նախորդ ընտրություններից խոստացել էին, որ 2013-2017թթ.-ին Երեւանում մինչեւ 2017 թվականը կունենանք աղբի վերամշակման ձեռնարկություն, բայց չունենք, 1 բնակչին ընկնող կանաչ տարածքը ՀՀԿ-ն խոստացել էր հասցնել 23 քմ-ի, մինչդեռ այսօր ընդամենը 8 քմ է: Երևի թե այսքանով է սահմանափակվում՝ սեփական նախընտրական խոստումները կյանքի կոչելու՝ ՀՀԿ ներուժը…
 
 
Ստելլա Խաչատրյան