38-ամյա բրիտանացի Թոմ Մորգանը Հարավաֆրիկյան Հանրապետության վրայով թռել է ծալովի բազկաթոռով, որը կապված էր հելիումով լցված փուչիկներին: Այդ մասին հայտնել է BBC News-ը:

Արկածասեր անձնավորությունը մի քանի անգամ փորձել էր օդ բարձրանալ Բոտսվանայում, բայց անհաջողության է մատնվել անբարենպաստ եղանակի եւ պայթող փուչիկների պատճառով: Երբ նրա մոտ գրեթե վերջացել էր հելիումը, նա վերջին փորձն անելու համար վերաբազավորվել է հարավաֆրիկյան Յոհաննեսբուրգում:

Այս անգամ նրան հաջողվել է իրականացնել մտահղացումը: Ծալովի բազկաթոռը դանդաղորեն օդ է բարձրացել: Մթնոլորտի ինվերսիոն շերտին հասնելուց հետո վերթիռի արագությունն սկսել է արագորեն մեծանալ: «Ես ստիպված էի սառնասրտություն պահպանել եւ աստիճանաբար կտրել փուչիկները»,- պատմում է Մորգանը: Թռիչքի ժամանակ նա բարձրացել է մինչեւ 2,4 հազար մետր: