Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը գործողության մեջ դնելը Հայաստանում գնաճի վրա կունենա 1 տոկոսից պակաս ազդեցություն: Այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նաև ներկայացրեց, որ այս պահին Հայաստանում առկա գնաճը 1.2 տոկոս է: Այս հայտարարությունը հնչեցնելիս Ջավադյանը, իհարկե, լավատեղյակ է վերջին շրջանում ահագնացող թանկացումների մասին, որը ըստ փորձագետների, վաղուց արդեն հատել է 1,2 տոկոսի սահմանագիծը: Բայց Ջավադյանը վստահ է՝ ընդհանուր գնաճային երեւույթ չկա, որ միջամտեն եւ ազդեն: Չնայած դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կայուն է, վերջին շրջանում գրեթե ամեն օր նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճ: Եվ անգամ այս պարագայում՝ ԿԲ-ն միջամտելու անհրաժեշտություն չի տեսնում:

Խոսելով գնաճի իրական ցուցանիշների մասին՝ Ջավադյանը կամ ինքն է շփոթվում, կամ փորձում է շփոթության մեջ գցել հանրությանը: Ի դեպ՝ շփոթվելու մասին. վերջին շրջանում ԿԲ նախագահի ներկայացրած թվերը, մեղմ ասած, իրարամերժ են: Ընդամենը մի քանի օր առաջ՝ Ջավադյանը հայտարարել էր, որ այս տարեվերջին գնաճը կկազմի 2.5 տոկոս, իսկ հաջորդ տարվա համար կանխատեսվում է 4 տոկոս: Եվ եթե Ջավադյանը հայտարարում է, որ մենք գնաճի հետ խնդիր չունենք, դա ինչ-որ տեղ մոտ է ճշմարտությանը: Իշխանությունները դժվար էլ իրենց մաշկի վրա զգացած լինեն իրենց վարած տնտեսական քաղաքականության դառը հետևանքները, գուցե հենց դա է պատճառը, որ միջամտելու անհրաժեշտություն չեն տեսնում; Բայց այդ անհրաժեշտությունը զգում է յուրաքանչյուր շարքային քաղաքացի: Յուրաքանչյուր տնային տնտեսուհի քաջ գիտի, որ խանութից սովորական գնումներ կատարելիս ինքը հունվարից մինչ օրս ոչ թե 2,5 տոկոսով ավելի գումար է ծախսել, այլ շատ ու շատ ավելի: Ընդունենք, որ գնաճն ընդհանրապես սպասելի երևույթ է, բայց երբ մեր երկրում դրան զուգընթաց բնակչության եկամուտները չեն աճում, դառնում է անկառավարելի: Համաձայն «Օքսֆամ» ընկերության Հայաստանյան գրասենյակի, Հայաստանում մոտ մեկ միլիոն մարդ աղքատ է. մարդիկ թերսնվում են, շատերն ապրում են քաղցած: Մինչև 2030 թվականը պարենային գները կաճեն կրկնակի, դրա հետ մեկտեղ՝ կաճի նաև աղքատությունը։ Եվ քանի դեռ կառավարությունը նման հանդուրժող վերաբերմունք ունի մենաշնորհների հանդեպ, գների անկման ստիպված ենք լինելու սպասել 5 տարին մեկ՝ ընտրությունների նախաշեմին…

 

Ստելլա Խաչատրյան