ՄԻԱՎ-ով ապրող կանանց  և աղջիկների նկատմամբ հասարակության վերաբերմունքը գնալով փոխվում է և փոխվում է դեպի լավը, ինչը կապված է այս հիվանդության մասին իրազեկվածության բարձրացման հետ։ Քաղաքացիներն այլևս խորթ հայացքով չեն նայում այն մարդկանց, ովքեր տառապում են ՄԻԱՎ ՁԻԱՀ-ով։ Այս մասին այսօր  «#ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանը։

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացման համար մարզերում անցկացվել են դասընթացներ։ Ըստ  «Կանանց ներուժի և առաջնորդության զարգացումը Հայաստանում» ծրագրի մասնակից, մարզային դասընթացավար Շուշան Ղարախանյանի՝ մարզերում առկա են այս հարցի վերաբերյալ ընդգծված կարծրատիպեր, որոնց վերացմանն են ուղղված անցկացվող դասընթացները․ «Առաջին դժվարությունն այն էր, որ դժվար էր մարդկանց ներգրավել սեմինարներին, որովհետև կար կարծրատիպ, որ այս խնդիրն իրենց չի հետաքրքում։ Ո՞վ է ՄԻԱՎ-ով ապրող մարդը, արդյո՞ք կա հաստատություն, որտեղ կարելի է հետազոտվել։ Սրանք կարծրատիպային հարցեր են, որոնք առկա են մարզերում»,-ասաց Ղարախանյանը։ 

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Ժենյա Մայիլյանն էլ խոսեց այն մասին, որ ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց վրա խիստ բացասական հետևանք է ունենում ոչ միայն իրազեկվածության պակասն, այլ նաև այն, որ նրանց այդ գաղտնիքը կարող է հասանելի դառնալ իրենց ազգականներին և մտերիմներին․ «Հասարակությունն առանց խտրականության չի ընդունում ՄԻԱՎ-ով ապրող մարդուն և դա է պատճառը, որ նրանք չեն կարողանում իրենց պատմությունը պատմել բաց դեմքով։ Փակ համակարգում ենք գտնվում»,-ասաց Մայլիյանը՝ այս հարցում կարևորելով խտրականության բացառումը։ 

Խոսելով ՄԻԱՎ-ով հիվանդների սեռային պատկանելության մասին՝ մասնակիցները նշեցին, որ նման դասընթացների անցկացումը կանանց շրջանում պայմանավորված է այն հանգամանքով, որ հենց կանայք են, ովքեր չունեն որևէ մեխանիզմ, որը կպաշտպանի նրանց, և, ըստ էության, կանայք այս հարցում ավելի խոցելի են, քան տղամարդիկ։ «Հատկապես մարզաբնակ կանայք դուրս են մնում նման ծրագրերից, ներգրավված չեն ինչ-որ հասարակական կազմակերպություններում, մարզաբնակ կանաց պարագայում այս հարցը շատ բաց է,  այդ պատճառով մենք գնացինք հեռու գտնվող մարզեր և որոշեցինք այնտեղ ապրող կանանց թիրախավորել»,-ասաց «Կանանց ներուժի զարգացման կենտրոն»-ի ղեկավարը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, ըստ վիճակագրության, ՄԻԱՎ-ով վարակված տղամարդկանց թիվը գերակշռող է, իսկ կանանց 90 տոկոսին վարակն անցնում է սեռական ճանապարհով։